Ամբողջ ժողովրդավարությունը վտանգված է, եթե այն վտանգվում է Հայաստանում. Ժիլբեր-Լյուկ Դըվինազ
Եթե Հայաստանում ժողովրդավարությունը վտանգի տակ լինի, ապա վտանգվում է ամբողջ ժողովրդավարությունը: Այդ մասին Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովի ժամանակ հայտարարեց Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազը:
«Միայն Հայաստանը չի վտանգված, այլ ամբողջ ռեժիմը: Ամբողջ ժողովրդավարությունը վտանգված է, եթե այն վտանգվում է Հայաստանում: Սա է իմ ուղերձը՝ ոչ մի բան բաց չթողնել, անպայման լինել ամուր և գնալ առաջ»,- ասաց Ժիլբեր-Լյուկ Դըվինազը:
Համաժողովի շրջանակում Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին իր հերթին հայտարարեց, թե Ֆրանսիայում Հայաստանը կոնսենսուսի թեմա է:
«Հայաստանին վերաբերող հարցերի շուրջ ֆրանսիացիները նույնիսկ քաղաքական դաշտում չունեն տարակարծություններ, և բոլորը, հումանիստական մղումներից մղված, գալիս են ընդհանուր հայտարարի, որովհետև դա օգնում է տեղական իշխանության մարմիներին թե՛ Հայաստանում, թե՛ Ֆրանսիայում»,- ասաց դեսպանը: