երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Ամաչում եմ, որ Միացյալ Թագավորությունը մինչ օրս չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը. Քոքս

Ամաչում եմ, որ Միացյալ Թագավորությունը մինչ օրս չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը. Քոքս

Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը կոչ է արել Մեծ Բրիտանիային ճանաչելու Հայոց ցեղասպանությունը:

Նա նշել է, որ իր առաջին ուղերձը շնորհակալության եւ երախտագիտության խոսք է հայ ժողովրդին, որը ողջ աշխարհի համար մշտապես եղել է ազատության առաջամարտիկ:

Քոքսի երկրորդ ուղերձը զայրույթի մասին է: ՛՛Միջազգային հանրությունը շարունակում է անպատիժ թողնել Թուրքիային եւ Ադրբեջանին, որոնք շարունակում են ոտնահարել մարդու իրավունքները, կազմակերպում են կոտորածներ՛՛,-ասել է բարոնուհին:

Քոքսը խոսել է երեք ցեղասպանությունների մասին՝ նշելով, որ առաջինը տեղի ունեցավ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում, իսկ մյուս երկուսն իրականացվեցին Արցախի դեմ՝ 1990-1994 թվականներին եւ 2020 թվականի վերջին պատերազմի ժամանակ:

՛՛Ես կրկին կոչ եմ անում Միացյալ Թագավորության կառավարությանը՝ ճանաչելու Ցեղասպանությունը: Ես ամաչում եմ, որ դա մինչ օրս տեղի չի ունեցել՛՛,-նշել է նա:

Բարոնուհին գոհունակությամբ ասել է, որ Միացյալ Թագավորության մաս կազմող Ուելսն արդեն իսկ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

Այնուհետև նա խոսել է իր երրորդ ուղերձի մասին. ՛՛Իմ երրորդ ուղերձը սիրո եւ մտերմության մասին է: Ես պատիվ եմ ունեցել 85 անգամ այցելել ձեր երկիր: Այս այցելություններից շատերը տեղի են ունեցել Արցախյան նախորդ պատերազմի ժամանակ: Գործընկերոջս՝ Դեյվիդ Թոմասի հետ այցելեցի նաեւ վերջին պատերազմի ժամանակ:

Մենք մշտապես հետ ենք վերադառնում՝ հիացած ձեր ժողովրդով, ձեր քաջությամբ, ձեր հյուրընկալությամբ, մշակույթով, ժողովրդավարության հանդեպ ձեր հանձնառությամբ:

Դժվար է մտաբերել համեմատական նույն չափն ունեցող մեկ այլ երկիր, որը նմանօրինակ ներդրում է բերել համամարդկային քաղաքակրթության մեջ արվեստի, մշակույթի, կրթության եւ այլ ոլորտներում: Խոստանում եմ, որ մենք մշտապես կլինենք ձեր կողքին:

Կանենք հնարավոր ամեն բան՝ հասնելու արդարության, որին արժանի եք՛՛:

  • Կիսվել: