Հայոց ցեղшսպшնnւթյшն ճանաչման հարցը Քնեսեթի օրակարգից հանվել է Ադրբեջանի ճնշմшն ներքո. Haaretz
Իսրայելի կառավարության կողմից անցյալ ամիս հաստատված՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը Քնեսեթում քվեարկության չի դրվել՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի վրա Ադրբեջանի ճնշման պատճառով: Այս մասին գրում է իսրայելական Haaretz-ը՝ հղում անելով իր անանուն աղբյուրներին։
Նշվում է, որ Նեթանյահուն արգելափակել է արտաքին գործերի նախարար Գեդեոն Սաարի կողմից առաջարկված քվեարկությունը, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խորհրդական Հիքմեթ Հաջիևը կապ է հաստատել վարչապետի գրասենյակի հետ։
Արտգործնախարարությունը Haaretz-ի հարցմանն ի պատասխան հերքել է, որ քվեարկությունը չեղարկվել է Նեթանյահուի միջամտության արդյունքում, սակայն այլ բացատրություն չի ներկայացրել։
Սաարը միայն հիշեցրել է, որ կառավարությունն այս հարցով որոշում է ընդունել՝ միաձայն, չհստակեցնելով՝ ինչու այն այդպես էլ Քնեսեթ չհասավ։
Haaretz-ը հավելել է, որ դեռ օրեր առաջ ադրբեջանական Haqqin.az-ը, որը անցյալ ամիս վաճառվել էր նախագահ Իլհամ Ալիևից մրցանակ ստացած լրագրողի, հոդված էր հրապարակել՝ պնդելով, թե Իսրայելը «ուշադրություն է դարձրել» Ադրբեջանի մտահոգություններին։ Ադրբեջանական կայքը, հղում անելով իր աղբյուրներին, նշել էր, թե «Ադրբեջանի դիրքորոշումը փոխանցվել է իսրայելցի պաշտոնյաներին, վերջիններս էլ արգելափակել են նախաձեռնությունը»։ Հոդվածում պնդում էին, թե Բաքվի ջանքերով որոշումը ոչ միայն հիմա է «թաղվել», այլև քայլեր են ձեռնարկվել՝ ապագայում դրա վերակենդանացումը կանխելու համար։
Իսկ մինչ այդ՝ անցյալ ամիս Ադրբեջանի կառավարությունը պաշտոնապես դատապարտել էր Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը և կոչ արել վերանայել այն։ Արտգործնախարարությունը նշել էր, որ որոշումն աղավաղում է «1915 թվականի իրադարձությունների շուրջ պատմական փաստերը», չի նպաստի հաշտեցմանը, այլ կխորացնի առկա բաժանումները և կխաթարի տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հասնելու ջանքերը։



