կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
«Ալյանս» կուսակցության հայտարարությունը արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ

«Ալյանս» կուսակցության հայտարարությունը արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ

Ակնհայտ է դարձել, որ բացի պատերազմով ու պարտությամբ պայմանավորված բոլոր հետեւանքներից, երկրում առաջացել ու խորանում է քաղաքական ճգնաժամը։ Այս մասին հայտարարություն է տարածել «Ալյանս» կուսակցությունը։

«Ակնհայտ է դարձել, որ բացի պատերազմով ու պարտությամբ պայմանավորված բոլոր հետեւանքներից, երկրում առաջացել ու խորանում է քաղաքական ճգնաժամը։ Հանրահավաքներ, ցույցեր, բողոքի ակցիաներ եւ համատարած ցասում, առանց այն էլ կադրային որակի առումով աչքի չընկնող պետական ապարատը հերթով լքում են բարձրաստիճան պաշտոնյաներ, իշխանության ներսում խժդժության դրսեւորումներ են տեղի ունենում, ոչ ոք չի զբաղվում երկիրը բարոյական, իսկ մասամբ` իրական փլատակների տակից հանելով։ Ամեն բան թողնված է միջին եւ ստորին օղակների մասնագետների կարողությունների հույսին, որոնց ջանքերով է այս պահին պահպանվում պետական կառույցների եւ ոլորտների համեմատ կայուն գործունեությունը։

Արդեն պարզ է, որ ելքը արտահերթ ընտրություններն են։ Հենց ընտրություններն են, որ կփակեն ցանկացած վեճ, թե ով է ավելի շատ վայելում ժողովրդի համակրանքը, իշխանությա՞ն, թե՞ ընդդիմության թեզերն են ընդունվում ժողովրդի կողմից եւ ինչ նոր իշխանություն է ուզում ժողովուրդը։ Երկրում ճգնաժամ է, ընթացիկ եւ պատերազմական վիճակում անարդյունավետ կառավարման ու դրա հետեւանքների բերմամբ։ Ելքը՝ արտահերթ ընտրություններ։ Ե՞րբ, ո՞ր պահին, ի՞նչ ճանապարհով։ Այդ հարցերի շուրջ Ալյանս կուսակցությունը սկսում է հավաքների եւ խորհրդակցությունների շարք տարածքային եւ մասնագիտացված կուսակցական կառույցների, ինչպես նաեւ այլ քաղաքական ուժերի հետ»,- ասվում է հայտարարության մեջ։

  • Կիսվել: