երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Ալիևը Զանգեզուրը կրկին անվանել է «Ադրբեջանի հինավուրց հող»

Ալիևը Զանգեզուրը կրկին անվանել է «Ադրբեջանի հինավուրց հող»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հերթական անգամ Զանգեզուրի հետ կապված պահանջներ է ներկայացրել՝ այն անվանելով ՛՛Ադրբեջանի հինավուրց հող՛՛:

Նա նշել է, որ այժմ ՛՛ակտիվ աշխատանքներ են տարվում Զանգեզուրի միջանցքի հետ կապված՛՛, գրում է Ինտերֆաքսը:

Ալիևը, ելույթ ունենալով Թրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի ոչ պաշտոնական գագաթաժողովում, մասնավորապես, ասել է. ՛՛Այժմ Ադրբեջանի հինավուրց հողը՝ Զանգեզուրը, թյուրքական աշխարհը միավորելու դեր կկատարի: Քանի որ տրանսպորտային, հաղորդակցական, ենթակառուցվածքային նախագծերը, որոնք անցնում են Զանգեզուրով, կմիավորեն ամբողջ թյուրքական աշխարհը, ինչպես նաեւ լրացուցիչ հնարավորություններ կստեղծեն այլ երկրների, այդ թվում` Հայաստանի համար՛՛:

Նշելով, որ ներկայումս Հայաստանը երկաթուղային հաղորդակցություն չունի իր դաշնակից Ռուսաստանի հետ՝ նա հայտարարել է, որ ՛՛այդ կապը կարող է ստեղծվել Ադրբեջանի տարածքով: Հայաստանը երկաթուղային կապ չունի նաեւ հարեւան Իրանի հետ: Նախիջեւանի միջոցով այս կապը նույնպես կարող է ապահովվել՛՛:

Ալիեւի խոսքով՝ Նախիջեւանի միջոցով կստեղծվի տրանսպորտային նոր միջանցք, որը Թուրքիան, Կենտրոնական Ասիան կկապի Եվրոպայի հետ: «Ադրբեջանն արդեն տվել է այդ աշխատանքի մեկնարկը: Վստահ եմ, որ գործընկեր երկրները նույնպես կօգտվեն այս հնարավորություններից»:

Ըստ Ադրբեջանի նախագահի՝ ՛՛այժմ չկա ՛՛Լեռնային Ղարաբաղ՛՛ կոչվող տարածքային միավոր՛՛: ՛՛Ադրբեջանը լուծել է այս հարցը, հասել է պատմական հաղթանակի եւ սկսել է վերականգնման աշխատանքները ավերված տարածքներում՛՛,-ասել է նա:

 

  • Կիսվել: