երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Ալիեւը Իրանի վարժանքներն անվանել է «անսպասելի իրադարձություն»

Ալիեւը Իրանի վարժանքներն անվանել է «անսպասելի իրադարձություն»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը «շատ անսպասելի իրադարձություն» է անվանել իր երկրի հետ սահմանի հարեւանությամբ Իրանի անցկացրած վարժանքները:

«Ինչ վերաբերում է մեր սահմանների մոտ անցկացվող զորավարժություններին, սա շատ անսպասելի իրադարձություն է: Մեր անկախության 30 տարիների ընթացքում նման իրադարձություններ չեն եղել: Իհարկե, յուրաքանչյուր երկիր իրավունք ունի ցանկացած զորավարժություն անցկացնել իր տարածքում: Դա նրա ինքնիշխան իրավունքն է: Ոչ ոք նրան ոչինչ չի կարող ասել: Սակայն երբ դա վերլուծում ենք ժամանակային առումով, տեսնում ենք, որ նմակ բան երբեւէ տեղի չէր ունեցել: Ինչու՞ հենց հիմա եւ ինչու՞ մեր սահմանին»,-ասել է Ալիեւը Anadolu գործակալությանը տված հարցազրույցում, որը մեջբերում է Ինտերֆաքս-Ադրբեջանը:

Ադրբեջանի նախագահը նշել է, որ ադրբեջանական հասարակությունը մտահոգում են մի շարք հարցեր:

«Ինչու՞ վարժանքներ չեն անցկացվել օկուպացիայի ընթացքում, երբ Ադրբեջանի տարածքի մի մասը օկուպացված էր: Ինչո՞ւ վարժանքները չկազմակերպվեցին, երբ հայերը գտնվում էին Ջաբրայիլում, Զանգիլանում եւ Ֆիզուլիում: Ինչու՞ է դա արվում այն բանից հետո, երբ մենք ազատագրեցինք այս հողերը եւ ավարտեցինք 30-ամյա օկուպացիան: Սրանք արդարացի հարցեր են», - ընդգծել է Ալիեւը:

  • Կիսվել: