Ալիևը հոխորտում է, որ Սյունիքը պետք է վերցնի, մեզ դա ազդակ չի՞ տալիս. Միքայելյան
Այսօր Ալիևը հոխորտում է, որ Սյունիքը պետք է վերցնի, մեզ դա ազդակ չի՞ տալիս, պիտի պառկենք, սպասենք՝ երբ ինչ կլինի։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով Սյունիքում տեղի ունեցած միջադեպերեին։
Հիշեցնենք՝ ապրիլի 21-ին Սյունիքի մարզում վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցի ժամանակ մի խումբ անձինք սադրանքներ են հրահրել, բարձրացել նրա ծառայողական մեքենայի վրա, քաշքշել անվտանգության ծառայության աշխատակցին՝ պատռելով հագուստը, հայհոյանքներ ու սպառնալիքներ հնչեցրել:
Նրա խոսքով՝ այսօրվա ներքաղաքական իրավիճակը պետք է թողնել և զբաղվել արտաքին քաղաքական մարտահրավերներով․
«Սյունեցին պետք է հավաքվեր հրապարակում և բարձրացներ հարցեր, ոչ թե հայհոյանքներով, նման պահվածքով»։
Պատասխանելով դիտարկմանը, թե ինչու վարչապետ Նիկոլ Փաշինյանը չկանգնեց, սյունեցիների հետ չխոսեց՝ դրա փոխարեն նախընտրելով թաքնվել, Միքայելյանը նշեց, որ «Նիկոլ Փաշինյանը երբեք չի պախկվել, ժողովրդի մեջ է եղել»:
Անդրադառնալով առաջիկա ընտրություններին՝ Միքայելյանն ասաց՝ երբ ընտրարշավը կսկսվի, պարզ կդառնա՝ ինքը կմասնակցի ընտրություններին, թե ոչ։ Պատգամավորը նաև պնդեց, որ բոլոր դեպքերում ժողովուրդը պետք է որոշի և տա իրավիճակի հանգուցալուծում։