Ալիևն ու Էրդողանը դրական են գնահատել ԵՄ-ՀՀ-Ադրբեջան եռակողմ հանդիպումը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, հայտնում են Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունից:
Նշվում է, որ կողմերը հեռախոսազրույցի ժամանակ անդրադարձել են ապրիլի 6-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի նախաձեռնությամբ և մասնակցությամբ կայացած՝ Եվրամիություն, Ադրբեջան և Հայաստան եռակողմ հանդիպմանը:
Ըստ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության՝ Ալիևն ասել է, որ դրական է գնահատում հանդիպման արդյունքները։ Նա ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման աշխատանքային խմբի ստեղծման վերաբերյալ ընդունված որոշումները՝ Ադրբեջանի կողմից ներկայացված հիմնարար սկզբունքների ներառմամբ:
Նշվում է նաև, որ Էրդողանը ևս գոհունակություն է հայտնել ձեռք բերված արդյունքներից։
Կողմերը կարծիք են հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը, տրանսպորտային և հեռահաղորդակցային գծերի ստեղծումը կծառայեն տարածաշրջանում կայուն խաղաղության և կայունության ապահովմանը:


