հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Աղաջանյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի ԱԺ-ին՝ ՀՀ-ին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձևի ընդունման համար

Աղաջանյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի ԱԺ-ին՝ ՀՀ-ին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձևի ընդունման համար

ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներին՝ Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձևի ընդունման համար:

Նա իր ֆեյսբուքյան էջում, մասնավորապես, նշել է. «Նոյեմբերի 30-ին Ֆրանսիայի Հանրապետության Ազգաին ժողովը միաձայն ընդունեց Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձև։

Շնորհակալ ենք բարեկամ Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներին մեր երկրի և ժողովրդի համար այսչափ կարևոր բանաձևը ներկայացնելու և ընդունելու համար:

Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի կողմից հետևողականորեն ներդրվող ջանքերը մեր տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատման գործում:

Հայաստանի և Ֆրանսիայի դարավոր բարեկամության համատեքստում այս փաստաթուղթը իրավամբ հերթական համատեղ ձեռքբերումն է։

Այն գալիս է վերահաստատելու հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունները՝ խթան հանդիսանալով դրանք ընդլայնելու և խորացնելու համար։

Շնորհակալ ենք»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ֆրանսիայի Ազգային ժողովը միաձայն ընդունել է Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձև:

Բաքուն արձագանքել է Ֆրանսիայի ԱԺ-ի՝ Հայաստանին աջակցող բանաձևի ընդունմանը. Ֆրանսիան, ըստ Ադրբեջանի, «խոչընդոտում է խաղաղությանը»:

Ֆրանսիայի ԱԳՆ-ն էլ նշել է, որ խորհրդարանի բանաձևերը չեն արտացոլում Փարիզի պաշտոնական գիծը:

  • Կիսվել: