ԱԳ փոխնախարարը ներկայացրել է կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության կորստի և աղտոտման դեմ ուղղված Հայաստանի ջանքերը
Հունիսի 12-ին Նիցցայում՝ Օվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Իրացնելով օվկիանոսի, կլիմայի և կենսաբազմազանության փոխկապակցվածությունը» խորագրով պանելային քննարկմանը:Այդ մասին հաղորդագրություն է տարածել ԱԳ նախարարությունը:
ԱԳ նախարարի տեղակալն իր ելույթում ներկայացրել է կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության կորստի և աղտոտման հասցեագրմանն ուղղված միջազգային ջանքերի ներդրման վերաբերյալ Հայաստանի տեսլականը:
ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձել է հունիսի 9-ին՝ համաժողովի շրջանակներում, Հայաստանի կողմից ստորագրված Ծովային կենսաբանական բազմազանության պահպանման և կայուն օգտագործման մասին համաձայնագրին՝ կարևորելով վերջինիս դերը օվկիանոսի, կլիմայի և կենսաբազմազանության ոլորտում միջազգային կառավարման և թափանցիկության փոխլրացնող մոտեցման ապահովման հարցում:
Վերահաստատելով Հայաստանի հանձնառությունն այս ոլորտում՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը նշել է, որ 2026 թ. Հայաստանում կայանալիք ՄԱԿ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը կարևոր հարթակ կլինի Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի հանձնառությունների առաջին գլոբալ վերանայման համար, մասնավորապես՝ օվկիանոսի, կլիմայի և կենսաբազմազանության փոխկապակցվածության հարցում համադրված մոտեցումների մշակման և ներդրման տեսանկյունից: