կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ադրբեջանն առաջարկում էր Նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթում ներառել Տավուշի անկլավների հարցը, ես մերժել եմ․ Փաշինյան

Ադրբեջանն առաջարկում էր Նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթում ներառել Տավուշի անկլավների հարցը, ես մերժել եմ․ Փաշինյան

 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տեքստի շուրջ բանակցությունների վերաբերյալ մանրամասներ ներկայացրեց։

Արցախյան 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի դռնբաց նիստում վարչապետը նշեց, որ նոյեմբերի 9-ի եռակող հայտարարության տեքստի շուրջ բանակցությունները սկսվել էին  դեռևս  նոյեմբերի 6-ին։

«Ես համաձայնեցի այդ թեմայով բանակցություններ սկսել, ըստ էության, պայմանով, որ դրանում չլինեն Շուշին և Հայաստանի տարածքով միջանցքին վերաբերվող դրույթներ, ինչպես նաև առաջարկելով, որ մենք Աղդամի շրջանը վերադարձնենք Հադրութի շրջանի դիմաց, որը Ադրբեջանը հսկողության տակ էր առել։ Սա էր եռակողմ հայտարարությունը ստորագրելուն ուղղված գործընթացի մեկնարկը։ Ես հասկանում էի, որ հասել ենք շրջադարձային կետի։ Եթե կարողանում ենք պահել Շուշին, դա շրջադարձ է, եթե չենք կարողանում պահել Շուշին՝ դա էլ է շրջադարձ։

Բայց նոյեմբերի 8-ի դրությամբ, որքան էլ ինձ ասում էին, որ Շուշիի մի մասը մեր հսկողության տակ է, հասկանում էի, որ այն ամբողջությամբ հետ բերել այլևս չէինք կարող։ Լեռնային Ղարաբաղի նախագահը ահազանգում էր Ստեփանակերտի խոցելի լինելու մասին, և կար հավանականություն, որ ադրբեջանցիները, գործնականում լուծելով Շուշիի հարցը, Շոշ գյուղի կողմից կսկսեին գրոհ դեպի Ստեփանակերտ՝ շարունակելով դեպի Ասկերան և այդտեղից արդեն թիկունքից խփելով Պաշտպանության բանակի պաշտպանական շրջաններին ու թիկունքից մտնելով Հաթերք, Սոթք հատված։ Բանակցությունները վարվում էր Ռուսաստանի Դաշնության նախագահի միջոցով, նոյեմբերի 8-ին  նրա հետ ունեցել եմ շուրջ 20 հեռախոսային խոսակցություն, իսկ 44-օրյա պատերազմի ողջ ընթացքում՝ շուրջ 60 հեռախոսային խոսակցություն։ Եվ շատ արագ պարզ դարձավ, որ Ադրբեջանը չի ընդունում Աղդամը Հադրութի դիմաց բանաձևը և , ի վերջո, քննարկումների արդյունքում հասանք մի տեքստի, որտեղ ոչինչ չէր ասվում Շուշիի մասին, ոչինչ չէր ասվում Հայաստանի տարածքով միջանցք ստեղծելու մասին, այլ խոսվում էր ռազմական գործողությունների դադարի, յոթ շրջանների վերադարձի, Լաչինի միջանցք ստեղծելու, այդտեղ և Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման մասին»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի առավոտյան ինքը ստորագրել է այդ տեքստը, սակայն պարզվել է, որ Ադրբեջանը այդ տեքստը չի ստորագրում և առաջ է քաշում մի շարք նոր պահանջներ։

«Գործընթացի կուլմինացիան նոյեմբերի 9-ի երեկոն էր, երբ պարզվեց, որ Ադրբեջանը գործնականում համաձայնեցված տեքստին նոր լրացումներ է առաջարկվում։ Սա նշանակում էր, որ առավոտյան իմ ստորագրած տեքստը այլևս ուժի մեջ չէ։ Բայց այն պահին, երբ Ռուսաստանի Դաշնության նախագահը ասաց, որ Ադրբեջանն առաջարկում է տեքստի մեջ ավելացնել կետ Տավուշի մարզի անկլավների վերադարձի մասին, ես հայտարարեցի, որ բացառվում է, որ այդպիսի փաստաթուղթ ստորագրեմ։ Ու պաշտոնապես արձանագրվեց, որ մենք փաստաթուղթ չենք ստորագրում։ Որոշ ժամանակ անց պարզվեց, որ համաձայնություն է ձեռք բերվել այդ կետը հանել փաստաթղթից։ Զուգահեռ՝ կեսգիշերին մոտ, սկսեցին լուրեր գալ մարտական գործողությունների ակտիվացման և այն մասին, որ Ստեփանակերտի երկնքում մեծ թվով անօդաչու թռչող սարքեր կան։ Ի վերջո, բարդ, տևական քննարկումներից հետո ես ստորագրեցի այն փաստաթուղթը, որը հայտնի է բոլորիդ, որն, իհարկե, ավելի վատն էր, քան նույն օրն առավոտյան իմ կողմից ստորագրված տարբերակը, բայց ավելի լավն էր առաջարկվող մյուս տարբերակներից, որոնցից մեկը Մեղրիի միջանցք էր նախատեսում, մյուսը՝ Տավուշի մարզի անկլավների վերադարձ»,- ասաց Փաշինյանը։

  • Կիսվել: