Ադրբեջանի կողմից Վերին Շորժայում կազմակերպված պրովոկացիայի վրա որոշակիորեն ազդել են ՀԱՊԿ-ի կողմից հնչեցված որոշ հայտարարություններ. Գրիգորյան (տեսանյութ)
Ադրբեջանի կողմից Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա համայնքում կազմակերպված պրովոկացիայի վրա որոշակիորեն ազդել են ՀԱՊԿ-ի կողմից հնչեցված որոշ հայտարարություններ։ Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով այսօր Վերին Շորժայի հատվածում տեղի ունեցած միջադեպին և այդ համատեքստում ՀԱՊԿ-ի գործողություններին։
Գրիգորյանը, մասնավորապես, նշեց. ՛՛Պարոն Զասի տված հարցազրույցում մեր հիմնական անհանգստությունն այն էր, որ ոչ կառուցողական բնույթի հայտարարությունները խաղաղ հանգուցալուծման գործընթացի վրա կարող են բացասական ազդեցություն ունենալ, և նման հայտարարություններն Ադրբեջանին պրովոկացիայի դիմելու հիմքեր են տալիս՛՛:։
Նրա խոսքով՝ սահմանի կայունությունը այս պահին փխրուն է։ ՛՛Ռուսաստանի Դաշնության հետ բանակցություններ են տարվում սահմանապահ ուժեր տեղակայելու ուղղությամբ՝ նման միջադեպերը կանխելու նպատակով։ Հուսով ենք, որ մոտ ապագայում կունենաք այնպիսի վիճակ, որ այն տարածքներում, որտեղ մայիսի 12-ից ճգնաժամ է ստեղծվել, տեղակայվեն ռուսական սահմանապահ զորքեր, լինի սահմանազատում և սահմանագծում՛՛,–ասաց Գրիգորյանը:
Ըստ ԱԽ քարտուղարի՝ սահմանին ստեղծված իրավիճակի շուրջ ՀԱՊԿ քարտուղար Ստանիսլավ Զասի արած հայտարարությունների մի մասը իրականությանը չի համապատասխանում։ Նա ասաց, որ ՀԱՊԿ քարտուղարության այցը Հայաստան կազմակերպելու ուղղությամբ քայլեր են ձեռնարկում:
Հաղորդավար Պետրոս Ղազարյանի հարցին, թե կա՞ օրակարգում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դիմելու հարց՝ Գրիգորյանը պատասխանեց. ՛՛Սահմանային վեճերը լուծելու ուղղությամբ մենք օգտագործելու ենք բոլոր գործիքակազմերը։ Մեր օրակարգում շարունակում են բաց լինել բոլոր հնարավորությունները։ Եթե ՀԱՊԿ-ի և ՌԴ-ի հետ քննարկումները չտան արդյունք, մենք կփնտրենք այլ լուծումներ՛՛:
Գրիգորյանն անդրադարձավ նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա կատարելիք այցի օրակարգին: Այս առնչությամբ նա նշեց, որ օրակարգում նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ համաձայնագրերն են, սահմանային իրավիճակը և հայ-ռուսական հարաբերությունների զարգացման հարցը:
Խոսելով այն մասին, թե ինչ է ենթադրում տարածաշրջանում Թուրքիայի առաջարկած ձևաչափով համագործակցության առաջարկը, և ինչ կարծիք ունի Հայաստանը սրա վերաբերյալ՝ Գրիգորյանն ասաց. ՛՛Ամբողջությամբ հստակեցված չէ, թե ՛՛3+3՛՛-ն ի՛նչ ֆորմատ է իրենից ներկայացնում։ Բացի այդ՝ մենք ունենք եռակողմ ֆորմատ՝ Ադրբեջան, Հայաստան, Ռուսաստան, որը սահմանային իրավիճակով պայմանավորված սառեցված է, բայց մոտակա շրջանում սահմանային վիճակի լուծման դեպքում գնալու ենք այդ ֆորմատի առաջխաղացմանը՛՛։
ԱԽ քարտուղարն անդրադարձավ նաև գերիների վերադարձման դիմաց ականապատման քարտեզները հանձնելու վերաբերյալ առաջացած քննարկումներին և ասաց. ՛՛Մենք հումանիտար քայլի դիմաց պատրաստ ենք հումանիտար քայլ կատարել։ Մեզ համար առաջնային են մեր քաղաքացիները, և մենք շատ մեծ քայլերի ենք պատրաստ նրանց Բաքվից Երևան վերադարձնելու համար՛՛: