չորեքշաբթի, հուլիս 15
15 / 7 / 2026
Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը, մեծ հաշվով, լուծվել է. Լավրով

Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը, մեծ հաշվով, լուծվել է. Լավրով

Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը, մեծ հաշվով, լուծվել է, այժմ կողմերին մնում է միայն հետագա գործնական քայլեր ձեռնարկել հարաբերությունները լիովին կարգավորելու համար։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսասանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Հարավային Կովկասի վերաբերյալ ՛՛3+3՛՛ ձևաչափով նախարարների հանդիպման արդյունքներով, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Հակամարտությունը, մեծ հաշվով, լուծված է։ Երկու կողմն էլ համաձայնել է, որ Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին, և դա էր հիմնական չլուծված խնդիրը: Այժմ, իհարկե, մնում են գործնական քայլեր հարաբերությունների լիարժեք կարգավորման համար, առաջին հերթին՝ խաղաղության պայմանագիր նախապատրաստելու, սահմանների սահմանազատման և առանց խոչընդոտների տրանսպորտային տնտեսական կապեր հաստատելու համար, որոնց բոլորի մասին պայմանավորվածություն է եղել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպումներում՛՛:

Ըստ Լավրովի՝ Բրյուսելն ու Վաշինգտոնը շարունակում են փորձել ներթափանցել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթաց։

՛՛Վերջին մեկ տարվա ընթացքում փորձեր են եղել (դրանք շարունակվում են) սահմանազատման գործընթաց ներթափանցելու, առաջին հերթին՝ Եվրոպական միությունից և որոշ չափով՝ նաև ԱՄՆ-ից՛՛,- նշել է նա՝ հավելելով, որ Մոսկվան պատրաստ է գործնական կերպով օգնել Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկին։ 

՛՛Բոլոր փորձագետներին քաջ հայտնի է, որ այն ամենը, ինչ անհրաժեշտ է սահմանազատման շուրջ քննարկելու և համաձայնեցնելու [Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի], այդ թվում՝ առաջին հերթին խորհրդային ժամանակներից մնացած քարտեզները, գտնվում են Ռուսաստանի Դաշնության ձեռքում։ Գործընկերները դա հասկանում են: Մենք չենք փորձում դրանից մեծ խնդիր սարքել: Թող նրանք փորձեն իրենց բախտը փորձել Բրյուսելում, բայց մենք միշտ պատրաստ ենք իսկապես օգնել իրական սահմանազատում սկսել՛՛,- ասել է Ռդ ԱԳ նախարարը:

  • Կիսվել: