«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրն ունի ռազմավարական նշանակություն, այն մեր կողմից իրականացվող ծրագրերի ամենածրագիրն է. Փաշինյան
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրն ունի ռազմավարական նշանակություն։ Այն մեր կողմից իրականացվող ծրագրերի ամենածրագիրն է, որովհետև ոչ միայն յուրաքանչյուր երեխայի, այլև մեր պետության ճակատագիրը կանխորոշող է։ Հիմա մենք ավարտին ենք հասցնում «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը, և արդեն սկսել ենք հաջորդ 300 դպրոցի և մանկապարտեզների ծրագիրը․ հաջորդ 300–ից 50 դպրոցի կառուցումը, իսկ մյուսների տեղորոշումն ընթացքի մեջ են։ Այս մասին այսօր պետական մարմինների ներկայացուցիչների առաջին համաժողովի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Մանկապարտեզը ոչ միայն մանուկներին է կրթության նախադպրոցական փուլ մտցնելու, այլև հնարավորություն է տալու երիտասարդ մայրիկներին ճանապարհ ունենալ դեպի կրթություն և աշխատանք։ Նաև թիրախային այս խումբը նկատի ունենալով պետք է զարգացնենք քոլեջների, դուալ և ոչ ֆորմալ կրթության համակարգը մարզերում, հնարավորինս խթանելով նաև մասնավոր հատվածի ներառումը կրթական ծրագրերի մատուցման գործում։
Համընդհանուր հայտարարագրման կրթական ծախսերի սոցիալական կրեդիտների համակարգը նույնպես այս նպատակադրումն ունի, որի արդյունավետության բարձրացման վրա պետք է շարունակաբար աշխատենք։
Մեր այս ռազմավարության կուլմինացիան Ակադեմիական քաղաքն է, որն, անկասկած, մի հզոր գրավիտացիոն կենտրոն է լինելու Հայաստանի Հանրապետության հետագա զարգացման համար։ Մարդն ուժեղ է իր կրթությամբ, մարդուն ուժեղացնելու այլ ճանապարհ, քան կրթությունն է, գոյություն չունի և, հետևաբար, մարդուն ուժեղացնելու պետության ռազմավարությունը կրթությունն է։
Իսկ ինչպե՞ս պետք է մարդն ուժեղացնի պետությանը։
Պետության աջակցությամբ ստացած կրթությունը մարդը պետք է դարձնի, ինչպես տնտեսագետները սիրում են ասել՝ ավելացված արժեք։ Պետության աջակցությամբ ստացած կրթությունը պետք է կիրառի ավելացված արժեք ստեղծելու համար։
Ապագա տնտեսվարողի ստացած կրթությունը պետք է դառնա տնտեսական աճ և պետական բյուջեի հարաճուն եկամուտներ, ապագա ուսուցիչների և կրթության ոլորտի մյուս ապագա աշխատողների ստացած կրթությունը պետք է դառնա կրթական համակարգի ավելի բարձր մակարդակ, ապագա գիտնականի ստացած կրթությունը պետք է դառնա գիտական նվաճում և նորարարություն, ապագա բուժաշխատողի ստացած կրթությունը պետք է դառնա ավելի արդյունավետ առողջապահություն, ապագա պետական պաշտոնյանի ստացած կրթությունը պետք է դառնա ավելի որակյալ կառավարում և ավելի բարենպաստ տնտեսական միջավայր և այսպես շարունակ։ Այս թվարկումը կարելի է անվերջ շարունակել: Ապագա իրավաբանների կապը, նրանց կրթության կապն արդարության և արդարադատության հետ, ապագա ոստիկանի կրթության կապը իրավակարգի, հասարակական կարգի պահպանման և հանցավորության դեմ պայքարի և այդպես շարունակ:
Շատ կարևոր է նաև, որ պետական մարմիններն իրենց գործունեության մեջ կոնկրետացնեն իրենց աշխատանքի թիրախը։ Ո՞րն է, ի վերջո, այդ թիրախը։ Այսինքն՝ պետական մարմիններն ինչի՞ համար են աշխատում:
Պետական մարմինների աշխատանքի համակարգային թիրախը պետական շահն է, պետական շահի սպասարկումը և ինչպես մի քանի անգամ առիթ ունեցել եմ ասելու, պետական շահը տնտեսական զարգացումն է։
Ինչո՞ւ, ինչո՞ւ է Հայաստանի Հանրապետության պետական շահը տնտեսական զարգացումը։ Որովհետև մարդը բարձրագույն արժեք է և մարդու բարձրագույն արժեք լինելը կարող է իրագործվել միայն տնտեսական զարգացման միջավայրում։ Հնարավոր չէ ապահովել մարդու բարեկեցությունը՝ առանց տնտեսական զարգացման, հնարավոր չէ ապահովել մարդու անվտանգությունը՝ առանց տնտեսական զարգացման, հնարավոր չէ ապահովել մարդու առողջապահությունը՝ առանց տնտեսական զարգացման, հնարավոր չէ ապահովել մարդու կրթությունը՝ առանց տնտեսական զարգացման, հնարավոր չէ ապահովել մարդու իրավունքները՝ առանց տնտեսական զարգացման, հնարավոր չէ ապահովել մարդու ազատությունը՝ առանց տնտեսական զարգացման։
Իհարկե, այս տեքստը կարելի է ընթերցել նաև հակադարձ շարադրանքով, բայց դրանից խնդրի էությունը չի փոխվում։
Որովհետև, օրինակ, արտաքին անվտանգությունը տնտեսական գործոն է։ Ապահովել երկրի անվտանգությունը՝ նշանակում է ապահովել բնականոն տնտեսական գործունեության հնարավորությունը երկրի տարածքում, որն իր հերթին ավելացնում է պետական եկամուտները, որն իր հերթին ավելացնում է անվտանգության մակարդակը, որն իր հերթին մեծացնում է տնտեսական գործունեության հնարավորությունները։ Ընդ որում, արտաքին անվտանգություն ասելով պետք է նկատի ունենալ ոչ միայն բանակը, այլև դիվանագիտական ծառայությունը, Ազգային անվտանգության ծառայությունը, Արտաքին հետախուզական ծառայությունը ու նաև էլի կառույցներ։ Անվտանգություն ասելով պետք է հասկանալ ոչ միայն արտաքին, այլև ներքին անվտանգությունը, սկսած հանցավորության դեմ պայքարից․ քրեական ենթամշակույթն ի դեպ, տնտեսական զարգացումը խոչընդոտող էական գործոն է։
Օրենքի գերակայություն, էներգետիկա, ֆինանսաբանկային համակարգ, ճանապարհներ, գյուղատնտեսություն, առողջապահություն և այսպես շարունակ․ սրանք բոլորը անվտանգության գործոններ են։
Մարդը, նրա իրավունքների ապահովումը, տնտեսական զարգացումը մի շրջապտույտի մաս են, որի մեկնարկային կետը նույնիսկ դժվար է ֆիքսել։ Բայց պետական մարմինների առանցքային գործն այս շրջապտույտի առավել արդյունավետ և սահուն ընթացքն ապահովելն է։ Եվ այս գիտակցումն էական է մեր ամենօրյա աշխատանքն ու նրա արդյունավետությունն ապահովելու համար։
Այս համատեքստում ուզում եմ ընդգծել երկու առանձնահատկություն։ Իրավակարգի օրգանական կապի հաստատումը սահմանադիրի, այսինքն՝ ժողովրդի հետ, կնպաստի, որ պետական մարմինները յուրաքանչյուր քաղաքացու ընկալեն որպես ուղիղ գործատուի։ Այսինքն՝ քաղաքացուն մենք բոլորս պետք է ավելի ու ավելի շատ ընկալենք որպես գործատուի, որովհետև այդպես էլ կա: Լեգիտիմության ռազմավարությունը կօգնի հաստատել առավել արդար պետություն, որովհետև երկու հավասարազոր գործատուների՝ այսինքն քաղաքացիների հակադիր ակնկալիքների միջև ընտրություն կատարելու կամ քաղաքացու ակնկալիքի վերաբերյալ որոշում կայացնելու ամենաապահով, արդյունավետ և արդար մեխանիզմը լեգիտիմությունն է, այսինքն՝ օրինականությունը։
Իսկ կրթությունը կօգնի, որ մենք կարողանանք այնպիսի օրենքներ և կարգավորումներ ընդունել, որոնք ծառայեն մարդուն և ոչ թե խոշտանգեն նրան, օրինականությունը լինի տրամաբանական, ծառայի կյանքին ու զարգացմանը, և ոչ թե հակառակը։
Ի դեպ, մենք շատ հաճախ ուժ չունենք խոստովանել, որ զարգացումն արգելակող օրենքների և կարգավորումների գոյության առանցքային պատճառներից մեկը մեր կրթական համակարգային բացերն են։
Քիչ չեն դեպքերը, երբ պետական մարմիններն անկեղծորեն ուզում են լավ բան անել, բայց չգիտեն ինչպես։ Ու ստացվում է այն, ինչ արտահայտիչ կերպով ժամանակին ձևակերպել է Ռուսաստանի հանգուցյալ վարչապետ Չերնոմիրդինը․ «Хотели как лучше, а получилось как всегда»:


