կիրակի, օգոստոս 16
16 / 8 / 2026
Հայտնի են հայ շախմատիստների արդյունքները 2026 թ. շախմատի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունում

Հայտնի են հայ շախմատիստների արդյունքները 2026 թ. շախմատի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունում

Շախմատի Հայաստանի ֆեդերացիան ամփոփել է հայ շախմատիստների արդյունքները 2026 թվականի շախմատի Եվրոպայի մինչև 20 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում:
 
«Հայաստանի 4 ներկայացուցիչներ տեղ են զբաղեցրել լավագույն տասնյակում։
 
Պատանիների առաջնությունում գրոսմայստեր Էմին Օհանյանը 9 հնարավորից վաստակեց 6.5 միավոր և կիսեց 2-5-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով նվաճելով բրոնզե մեդալ:
 
Միջազգային վարպետներ Ալեքս Սահակյանը, Վահե Սուքիասյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Ռուդոլֆ Փաշիկյանը վաստակեցին 6 միավոր և համապատասխանաբար զբաղեցրին 6-րդ, 7-րդ և 8-րդ հորիզոնականները:
 
Ռուդոլֆ Փաշիկյանը առաջնության շրջանակներում լրացրեց միջազգային վարպետի (IM) իր երկրորդ նորման:
 
Միջազգային վարպետ Ռոբերտ Փիլիպոսյանը, ՖԻԴԵ-ի վարպետ Մանվել Առաքելյանը և միջազգային վարպետ Արսեն Դավթյանը վաստակեցին 5.5 միավոր: ՖԻԴԵ-ի վարպետ Էդգար Անդրեասյանը վաստակեց 4.5 միավոր, իսկ վարպետության թեկնածու Ալեքսանդր Ավանեսյանը՝ 3.5 միավոր:
 
Աղջիկների առաջնությունում կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Նվարդ Հայրապետյանը վաստակեց 5.5 միավոր և կիսեց 9-11-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 11-րդ հորիզոնականը:
 
Կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Պոլինա Կոբակը և Անգելինա Միրաքյանը վաստակեցին 5 միավոր, իսկ Էմմա Մխիթարյանը՝ 3 միավոր:
 
Առաջնությունում իրենց վարկանիշները զգալիորեն բարելավել են Անգելինա Միրաքյանը (+125,2 կետ) և Նվարդ Հայրապետյանը (+92,8 կետ)»,- ասված է ֆեդերացիայի հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: