երկուշաբթի, օգոստոս 17
17 / 8 / 2026
ԱՄՆ-ի մեծությամբ երկրորդ ջրամբարն իջել է ռեկորդային նվազագույն մակարդակի

ԱՄՆ-ի մեծությամբ երկրորդ ջրամբարն իջել է ռեկորդային նվազագույն մակարդակի

Փաուել ջրամբարը՝ ԱՄՆ-ում մեծությամբ երկրորդը, հասել է պատմական դիտարկումների ընթացքում գրանցված ամենացածր մակարդակին։ Սա դարձել է Կոլորադո գետի վրա խորացող ջրային ճգնաժամի հերթական տագնապալի ազդակը, որից կախված է ԱՄՆ-ի հարավարևմուտքում բնակվող մոտ 40 մլն մարդ, հաղորդում է CNN հեռուստաալիքը։

Շաբաթ օրը Փաուելում ջրի մակարդակը իջել է մինչև ծովի մակարդակից 3519,91 ֆուտ (մոտ 1073,1 մետր) բարձրություն՝ գերազանցելով նախորդ հակառեկորդը՝ 3519,92 ֆուտ, որը գրանցվել էր 2023 թվականի ապրիլին։ ԱՄՆ-ի Ռեկուլտիվացիայի բյուրոյի տվյալներով, ջրամբարն այժմ գտնվում է 30 ֆուտ հեռավորության վրա այն նշագծից, որի դեպքում Գլեն Քանյոն ամբարտակն այլևս չի կարողանա էլեկտրաէներգիա արտադրել։

Նոր հակառեկորդը գրանցվել է ընդամենը ինը օր անց այն բանից հետո, երբ հոսանքով ներքև գտնվող Միդ ջրամբարը՝ ԱՄՆ-ի ամենախոշորը, նույնպես իջել էր, հասնելով մինչև իր լցվելու պահից մոտ 90 տարվա ընթացքում, գրանցված ամենացածր մակարդակը։

Փաուելն ու Միդը փաստորեն ջրի պահպանման միասնական համակարգ են, որոնք բաժանված են Մեծ կիրճով։ Դրանց բաժին է ընկնում Կոլորադո գետի ավազանի ջրային պաշարների ընդհանուր ծավալի մոտ 60%-ը։

«Մենք հայտնվել ենք չուսումնասիրված տարածքում», — հայտարարել է Յուտայի նահանգային համալսարանի Կոլորադո գետի հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ջեք Շմիդտը։

Կոլորադո գետը համարվում է ԱՄՆ-ի հարավարևմուտքի ջրի գլխավոր աղբյուրը։ Այն սկիզբ է առնում Ժայռոտ լեռներում և թափվում Կալիֆոռնիայի ծոց։ Նրա ջրերը ապահովում են մոտ 40 մլն մարդու և օգտագործվում են յոթ նահանգներում՝ Կալիֆոռնիայում, Արիզոնայում, Նևադայում, Նյու Մեքսիկոյում, Վայոմինգում, Կոլորադոյում և Յուտայում, ավելի քան 5 մլն ակր գյուղատնտեսական հողերի ոռոգման համար։

2000 թվականից ի վեր գետի հոսքի ծավալը կրճատվել է մոտ 20%-ով։ Փորձագետները դա կապում են կլիմայի փոփոխության, ջերմաստիճանի բարձրացման, երկարատև երաշտի և ջրային ռեսուրսների երկարամյա չափազանց օգտագործման հետ։

Փաուելը ձևավորվել է Արիզոնայի և Յուտայի սահմանին Գլեն Քանյոն ամբարտակի կառուցումից հետո։ Ջրամբարը սկսել է լցվել 1963 թվականին, իսկ նախագծային առավելագույն մակարդակին այն հասել է միայն 17 տարի անց։

Սովորաբար Փաուելում ջրի մակարդակը բարձրանում է մայիսից հուլիս՝ լեռներում ձյան հալման շնորհիվ։ Սակայն անցած ձմեռը ԱՄՆ-ի արևմուտքում դիտարկումների պատմության ամենաչոր և ամենատաք ձմեռներից մեկն էր, ինչն էլ հանգեցրել է գարնանային ջրի ներհոսքի ծայրահեղ թույլ մակարդակի։

Առանձնահատուկ մտահոգություն է առաջացնում հիդրոէներգետիկայի հետ կապված իրավիճակը։ Գլեն Քանյոն ամբարտակի ութ տուրբինները տարեկան արտադրում են գրեթե 500 հազար տնային տնտեսության համար բավարար էլեկտրաէներգիա։ 3490 ֆուտ նշագծին հասնելու դեպքում ջուրն այլևս բավարար ճնշում չի ստեղծի տուրբինների աշխատանքի համար։

Գիտնականների կարծիքով, առանց արտակարգ միջոցառումների այս կրիտիկական նշագիծը կարող է իրականություն դառնալ արդեն այս տարի։ Հնարավոր միջոցների թվում են Փաուելից և հոսանքով վերև գտնվող ջրամբարներից ջրի արտահոսքերի կրճատումը։

Ավելի լուրջ սցենար կլինի, այսպես կոչված, «մեռյալ ծավալի» մակարդակին հասնելը՝ 3370 ֆուտից ցածր։ Այդ դեպքում ջրամբարից ջուրն ընդհանրապես կդադարի հոսել դեպի ստորին հոսանք։

Միևնույն ժամանակ փորձագետներն առայժմ չեն ակնկալում, որ տարածաշրջանի բնակիչները կմնան առանց ծորակի ջրի։ Ջրային ճգնաժամը զարգանում է աստիճանաբար, և շատ քաղաքներ արդեն պատրաստվել են հնարավոր սահմանափակումներին։ Սակայն փոքր համայնքների և բնիկ ժողովուրդների համար հասանելի ռեսուրսների կրճատումը փոխհատուցելը զգալիորեն ավելի դժվար կլինի։

Կոլորադո գետի ջրից օգտվող յոթ նահանգները դեռևս չեն համաձայնեցրել դրա բաշխման նոր կանոնները։ Բազմամյա ապարդյուն բանակցություններից հետո ԱՄՆ-ի դաշնային իշխանությունները միջամտել են իրավիճակին և առաջիկա օրերին պետք է մինչև 2028 թվականը սահմանեն յուրաքանչյուր նահանգի համար ջրասպառման կրճատման ծավալները։

Որոշ հույս է ներշնչում Էլ Նինյո կլիմայական երևույթը, որը կարող է ԱՄՆ-ի հարավարևմուտք բերել ավելի շատ անձրև և ձյուն։ Սակայն մասնագետները զգուշացնում են․ նույնիսկ բացառիկ ձյունառատ և խոնավ ձմեռը չի կարող Կոլորադո գետն արագ դուրս բերել ճգնաժամից։

  • Կիսվել: