2022-ի պետական բյուջեի ու մեր տնտեսական աճի կանխատեսումների մեջ հայ-թուրքական սահմանի բացումը, որպես կանխատեսում, ներառված չէ. Վահան Քերոբյան
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս են հասկացել, որ 7 տոկոս տնտեսական աճ է լինելու։
«Այդ յոթ տոկոսը որտեղի՞ց է գալիս, ակնկալում եք, որ Ամուլսարը կշահագործվի, փող կգա՞, թե՞ ակնկալում եք, որ հայ-թուրքական սահմանի բացման արդյունքում տնտեսական աճ կլինի։ Եթե երկրորդն է, խնդրում եմ նշեք՝ Դուք հայ-թուրքական սահմանի բացման տնտեսական ազդեցության գնահատական արե՞լ եք, թե՞ ոչ», - հետաքրքրվեց պատգամավորը։
Վահան Քերոբյանն էլ ասաց, թե 2022 թվականի պետական բյուջեի ու իրենց տնտեսական աճի կանխատեսումների մեջ հայ-թուրքական սահմանի բացումը, որպես կանխատեսում, ներառված չէ։
«Մենք չենք ակնկալում, որ այն ձևով, որով պաշտպանված կլինեն ՀՀ քաղաքացիների ու տնտեսության շահերը, կարողանանք հաջորդ տարի հայ-թուրքական սահմանը բացել։ Այդ կանխատեսումը չկա մեր բյուջեի նախագծում», - նշեց Էկոնոմիկայի նախարարը։
Ինչ վերաբերում է Ամուլսարին՝ նախարարն ասաց, թե եթե նույնիսկ այս պահին բոլոր հարցերը լուծվեն ու հանքը վերադառնա աշխատելու ռեժիմին, հանքը կսկսի աշխատել, լավագույն դեպքում, 12 ամիս հետո։
«Մենք հիմա սպասում ենք քրեական գործի հանգուցալուծմանը, որպեսզի տեսնենք, թե այդ քրեական գործով ինչ արդյունքներ են ի հայտ գալիս ու դրանից կախված է լինելու Ամուլսարի վերաբերյալ հետագա քննարկումները», - նշեց Քերոբյանը։


