ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
2023 թվականի պետական բյուջեի եկամուտները կազմելու են 2 տրիլիոն 302 միլիարդ դրամ

2023 թվականի պետական բյուջեի եկամուտները կազմելու են 2 տրիլիոն 302 միլիարդ դրամ

Շարունակվում են «Պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումները:

ԱԺ նիստում ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ 2023 թվականի պետական բյուջեի ծախսերը կազմելու են 2 տրիլիոն 591 միլիարդ դրամ, իսկ եկամուտները՝ 2 տրիլիոն 302 միլիարդ դրամ: Դեֆիցիտը կկազմի 289 միլիարդ դրամ:

«2023 թվականի բյուջետային ծրագրերի հիմնական առանցքը շարունակելու է լինել անվտանգային միջավայրի, տնտեսական հզորացման, մարդկային կապիտալի զարգացման և մեր քաղաքացիների սոցիալական ապահովության ամրապնդումը՝ Կառավարության ծրագրով սահմանված թիրախներին համահունչ: Արագ տնտեսական աճը և ներառական զարգացումն այլընտրանք չունեն»,- ասաց Խաչատրյանը:

Խոսելով ընթացիկ տարվա ցուցանիշների մասին՝ նախարարը նշեց, որ 2022 թվականի 10 ամիսների ընթացքում տնտեսական ակտիվությունն աճել է 14.5 տոկոսով, ինչի արդյունքում պետական բյուջեով սահմանված հարկային եկամուտների պլանը գերակատարվում է:

«Այս տարվա բյուջետային ծախսերը ոչ միայն ֆինանսավորվել են նախատեսված ծավալով, այլև տարվա ընթացքում կատարել ենք զգալի լրացուցիչ ֆինանսական հատկացումներ անվտանգային, տնտեսական և սոցիալական նոր ծրագրերի համար:

Այս տարվա տնտեսական աճը կարող է դառնալ վերջին 15 տարիների ընթացքում արձանագրված ամենաբարձր աճի ցուցանիշներից մեկը՝ արձանագրելով ՀՆԱ-ի 13 տոկոսը գերազանցող իրական աճ»,- ասաց նախարարը:

Խաչատրյանը նշեց, որ 2023 թվականի բարձր տնտեսական աճի ցուցանիշը պետք է դառնա Կառավարության  բարեփոխումների, հատկապես տնտեսական քաղաքականության արդյունավետության չափման հիմնական ցուցիչը:

  • Կիսվել: