2021-ին ամբողջ եկեղեցին քարոզում էր ընդդեմ ՔՊ-ի, բայց հանրությունը գնաց ու տվեց Կաթողիկոսի և իր սպասավորների պատասխանը. Արայիկ Հարությունյան
Մենք ուզում ենք, որ նախկին թալանչիներին պատասխանատվության կանչելու ինստիտուտը ինստիտուցիոնալ լինի։ Այս մասին այսօր՝ հունիսի 6–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
«Վարչապետը երեկ հստակ ասաց, որ այո, հեղափոխությունից հետո հնարավոր էր գնալ եւ այդ ամբողջ ապօրինի գույքը, որը համարում ենք այդպիսին, հետ վերադարձնել պետությանը, բայց դա պետք է արվեր ինստիտուցիոնալ, դրա համար պետք էին օրենսդրական հիմքեր և ինստիտուտներ։ Եթե այդ ամեն ինչը համեմատեք մյուս երկրների հետ, որտեղ նմանատիպ գործընթացներ են եղել, շատ ավելի արդյունավետ է տեղի ունենում, քան այլ երկրներում նմանատիպ ինստիտուտներ ստեղծելիս»,–ասաց նա։
Անդրադառնալով կաթողիկոսի եւ այլ բարձրաստիճան հոգեւորականների հետ հակամարտությանը եւ նրան, որ իշխանությունը 7 տարի անց միայն հիշել է նրանց՝ կուսակրոնության ուխտին հավատարիմ լինել–չլինելու հարցին, Արայիկ Հարությունյանն ասաց. «Նման գործընթացները ըստ տրամաբանության են գալիս օրակարգ։ Եվ երբ մյուս հարցերը իրենց լուծումներն են ստանում կամ ընթացքում են լինում, առաջանում են նաև նման խնդիրներ։ Եկեղեցու հետ կապված մենք նախկինում էլ, հատկապես վերջին տարիներին էլ ասել ենք, որ երբ եկեղեցին որոշակի գործընթացներ է անում միջամտելու քաղաքական գործընթացներին, երբեմն պետք է նաև պատրաստ լինել նրան, որ այլ հարցադրումներ կհնչեն քաղաքական դեմքերի կողմից, մասնավորապես այս հարցադրումը, որը արվել է»։
Դիտարկմանը, որ փորձ է արվում մտնել եկեղեցականների անձնական կյանք, վարչապետի աշխատակազմի ղեկավարն ասաց. «Անձնական կյանքին որևէ մեկը չի միջամտել, անձնական կյանքի հետ կապված բոլոր հարցադրումները արվել են եկեղեցու ինստիտուցիոնալ տրամաբանության մեջ, տվյալ դեպքում կուսակրոնության ինստիտուտի վերաբերյալ և հարցադրումները շարունակում են մնալ միայն այդ տրամաբանության մեջ՝ արդյո՞ք վարչապետի բարձրացրած հարցերը ստանալու են իրենց պատասխանները դրական, թե բացասական, այո կամ ոչ»։
Հարցին՝ հարաբերվելու այդ ձեւը արդյոք չի վնասում եկեղեցուն եւ պետության հեղինակությանը, նա պատասխանեց. «Մենք կարծում ենք, որ այդ հարցերի պատասխանները միայն առողջացնելու են եկեղեցին որպես ինստիտուտ»։ Նա հավելեց, որ եթե եկեղեցուց չլինի պատասխան, իշխանության քայլերը կլինեն այն շրջանակում, որը տրված է իշխանությանը օրենքների և սահմանադրության շրջանակում»։
Արայիկ Հարությունյանը հավաստիացրեց, որ եկեղեցու դեմ որեւէ գործընթաց չկա։
Անդրադառնալով տեսակետին, որ իշխանություններին զայրացրել է փաստը, որ ըստ հարցումների եկեղեցու հեղինակությունը մի քանի անգամ բարձր է իշխանության հեղինակությունից, Արայիկ Հարությունյանն ասաց. «Ես անընդհատ լսում եմ այդ պնդումը վերջին զարգացումների շրջանակներում և ուզում եմ ձեզ մի բան ասել. այդ սոցհարցումները, որոնք արվում են, պետք է շատ ուշադիր նայել, թե տվյալ հարցին պատասխանելիս մեր հանրությունը ինչ է նշում, ինչ նկատի ունի։ Ես ձեզ 100% վստահությամբ կարող եմ ասել, որ եթե դուք զուտ որպես ինստիտուտի նկատմամբ վստահությունից զատ տվյալ դեպքում շրջանառության մեջ գտնվող եկեղեցականների անունները դնեք այդ հարցման մեջ, դուք կունենաք բացարձակ այլ պատկեր տվյալ անձանց նկատմամբ։
Եվ մի բան էլ եմ ուզում ավելացնել. 2021 թվականին ամբողջ եկեղեցին կաթողիկոսի գլխավորությամբ, քարոզում էր ընդդեմ ՔՊ–ի, հանրությունը գնաց և պատասխանը տվեց այդ կաթողիկոսին և իր սպասավորներին։ Այն ժամանակ եկեղեցու նկատմամբ վստահությունը, որպես ինստիտուտի պակաս չէր, քան 2024 թվականին։ Ես ուզում եմ, որ դուք չխառնեք ինստիտուտը և եկեղեցականներին, վստահ կարող եմ ասել, որ երբ եկեղեցականների վերաբերյալ հարցում անեք, կստանաք բացարձակ այլ պատկեր»։