երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
2020 թ-ին պետք է լինի պայքար արտահերթ ընտրությունների անցկացման համար. Շարմազանով

2020 թ-ին պետք է լինի պայքար արտահերթ ընտրությունների անցկացման համար. Շարմազանով

Այսօր Հայաստանում ստեղծվել է ոչ բնական իրավիճակ, որն ավելի բնորոշ է տոտալիտար երկրներին։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Հայաստանի անկախության ընթացքում երբեք որևէ անձ կամ կուսակցություն ԱԺ մանդատների 3/5-րդին չի տիրացել: Երբ մենք էինք իշխանության, ըստ Սահմանադրության, սահմանադրական օրենքներ ընդունելու համար մեզ անհրաժեշտ էր բանակցել ընդդիմության հետ, այդ թվում «Ելք»-ի նախագահ Նիկոլ Փաշինյանի հետ: Այսօր Էդմոն Մարուքյանն ու Գագիկ Ծառուկյանն իրենց թիմերով ինչքան էլ խոսեն, որևէ բան չեն կարող փոխել»,- նշեց նա։

Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ իր համար դասական ընդդիմությունը այն քաղաքական ուժերն են, որոնք չեն ողջունել Նիկոլի իշխանազավթումը: Նրա խոսքով, այսօր խորհրդարանում երկու ընդդիմադիր ուժերը ուզած-չուզած ընդդիմություն են.  «Եվ ԲՀԿ-ն, և «Լուսավոր Հայաստանը» իշխանության հետ եղել են կոալիցիա: Նրանք եղել են այսպես կոչված հեղափոխության ջատագովները: Մենք չենք եղել  այդպիսին, մենք եղել ենք, կանք և կմնանք այս ռեժիմի հակառակորդները»։

ՀՀԿ խոսնակն այն կարծիքին է, որ Հայաստանում 2020 թվականին պետք է տեղի ունենան արտահերթ ընտրություններ, որոնք կլինեն գաղափարական։

«Ես դրա համար չեմ ասում, որ ՀՀԿ-ն վերադառնա, այլ դա անհրաժեշտ է, որ խորհրդարանը դեֆորմացված չլինի, որ ընդդիմությունը կարողանա հակակշռել ընդդիմությանը, որ 3/5-րդի շեմն աշխատի: Երկրին է պետք, որ 2020 թվականին հասնենք նրան, որ պարտադրենք արտահերթ ընտրություններ: Ընդդիմությունը որևէ լծակ չունի վերահսկելու կամ հավասարակշռելու իշխանության ցանկությունները: Ոչ մի իշխանություն Հայաստանում այսքան անսահմանափակ իշխանություն չի ունեցել, որն այսօր ունի Փաշինյանը: Սա նորմալ չէ: 2020 թ-ին պետք է լինի պայքար արտահերթ ընտրությունների անցկացման համար»,- ասցա Էդուարդ Շարմազանովը։

 

 

  • Կիսվել: