շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
2020-ից հետո դժվար է հասկանալ մարդկանց, որոնք հավատում են այս իշխանությանը. Լևոն Քոչարյան

2020-ից հետո դժվար է հասկանալ մարդկանց, որոնք հավատում են այս իշխանությանը. Լևոն Քոչարյան

Նպատակը պաշտոն ունենալը չի, նպատակը ազատվելն է այն իշխանություններից, որոնք ցավոք, տեսել ենք՝ ինչ վիճակի են հասցրել երկիրն ու մեզ բոլորիս: Այս մասին այսօր Չարենցավանում կազմակերպված հանդիպման ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանը:

Նա, մասնավորապես, նշեց. «Մեր նպատակը ազգային ուղղվածության իշխանություններ ունենալն է, որը կսպասարկի ոչ թե Ադրբեջանի ու Թուրքիայի, այլ մեր շահերը: Բնականաբար, եթե մենք քաղաքական ուժ ենք, մենք պատասխանատվությունից չենք խուսափում, ուղղակի նպատակը աթոռ ունենալը չէ: Եթե մենք տեսնենք, որ ուժեր կան, որոնք միգուցե ավելի շատ շանս ունեն, ավելի են սիրված ժողովրդի կողմից, մենք խնդիր չունենք միանալու այդ ուժերին: Այսինքն՝ այստեղ անձնական ամբիցիաների հարց չկա»:

Քոչարյանի խոսքով՝ իշխանության ներսում էլ գուցե կան մարդիկ, որոնք կողմ չեն տեղի ունեցողին, սակայն նրանք ձայն չեն բարձրացնի, քանի դեռ չեն տեսնի, որ փոփոխությունը ռեալ է ու հնարավոր:

«Դա պետք է լինի մեր միասնականության շնորհիվ, որ իրենք տեսնեն եւ այդ քայլին գան»,-նշեց նա:

Դիտարկմանը, որ 2018-ի իշխանափոխությունը եղավ, քանի որ դեպքեր եղան եւ մարդիկ պատժի չենթարկվեցին, պատգամավորն ասաց. «Միգուցե, բայց եթե մենք խոսում ենք 2018-ի մասին, այն, ինչ այսօր տեսնում ենք փողոցում ինչ է մեր հետ կատարվում, ուղղակի կոնկրետ բեսպրեդել է, ապօրինություններ են:

Դրանով իրենք իրենց ուժն են ցույց տալիս, ասում են՝ այ, տեսեք, կարող ենք տեսախցիկների առաջ, երբ բոլորի համար պարզ է, թե ով է ուժ գործադրում, հակառակ կողմին մի բան էլ փակենք, դատենք: Որ մյուս տեսնողը ասի՝ բայց արժի՞, որ ես գնամ, մասնակցեմ այդ ցույցերին: Էս են իրենք, վախի մթնոլորտ են ստեղծում: Հիմա մենք պետք է հասկանանք՝ մենք վախենալու ենք, թե ոչ:

Մենք հստակ ցույց ենք տվել, որ չենք վախենում: Մի մասի համար եթե սա սկսվել է 2020 թվականից, մեզ համար սկսվել է 2018 թվականից: Ամեն դեպքում, մինչեւ 2020 թվականը հասկանալի էր, թե ինչու կարող էին հավատալ այս իշխանություններին, բայց դրանից հետո դժվար է հասկանալ այն մարդկանց, որոնք շարունակում են հավատալ, հետեւել այսօրվա իշխանություններին»:

  • Կիսվել: