2018-ի ձեռքբերումներից ամենակարեւորը ազատ ընտրությունների անցկացումն է. Վահագն Խաչատուրյան
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ժամանակ խախտումներ չի ֆիքսել:
«Ընդհակառակը, ես հեռուստատեսությամբ երկու մեծ հաղորդում եմ նայել, որոնց հիմնականում մասնակցում էին ցուցակների առաջին հորիզոնականներում գտնվող մարդիկ, նաեւ իրենց փոխարինողները եւ գիտեք, զարմանալի էր, որ երկու ժամ տեւող այդ քննարկումները կարողանում էին այդպես կազմակերպել: Նախկինում այդ քննարկումները վերածվում էին անկազմակերպ մի բանավեճի եւ մարդիկ չէին կարողանում նույնիսկ մտքեր արտահայտել: Մեզ հնարավորություն տրվեց գնահատել, թե ով ինչի է ընդունակ, ինչի է պատրաստ, որ թեկնածուն եւ իր թիմը ինչ է պատրաստ անել: Այդ առումով ես համարում եմ ավելի հաջողված եւ հետագայում էլ իրականում մենք պետք է կարողանանք հնարավորություն ստանալ կուսակցություններից իրենց ղեկավարներից լսել այն, ինչ իրենք ուզում են անել»,-ասաց նա:
Նախագահը վստահեցրեց, որ անհանգստություն չունի, որ կարող է ոչ արդար ընտրություններ լինեն. «Չի կարող այդպես լինել, որովհետեւ ի վերջո, 2018-ի ձեռքբերումներից ամենակարեւորը ազատ ընտրությունների անցկացումն է»: