ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
107 ավագ դպրոցներում ստեղծվել է բնագիտական առարկաների գծով 335 լաբորատորիա

107 ավագ դպրոցներում ստեղծվել է բնագիտական առարկաների գծով 335 լաբորատորիա

Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի ավագ դպրոցներն այս ուսումնական կիսամյակում բնագիտական առարկաներն ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում:

Դրանք դպրոցներում ստեղծված արդիական ուսումնական միջավայրեր են, որտեղ աշակերտը տեսական գիտելիքներն ամրապնդում է գործնական հմտություններով:

Նորաստեղծ լաբորատորիաներն ավագ դպրոցներում կարող են դառնալ այն օղակը, որը կապում է բիզնեսն ու կրթությունը: Ավագ դպրոցներում նման արդիական սարքավորումների առկայությունը կնպաստի երիտասարդների շրջանում գիտական հետազոտությունների նկատմամբ հետաքրքրության զարգացմանը և նորարարական ծրագրերի իրականացման հմտությունների ձևավորմանը:

Լաբորատորիաներում մեկտեղվում են տեսականն ու գործնականը. դա փաստում են Գորիսի թիվ 4 ավագ դպրոցի ուսուցիչները, որտեղ բնագիտական առարկաների լաբորատորիաներն արդեն իրականություն են և օգտագործվում են ամենօրյա դասապրոցեսում: Վեդիի ավագ դպրոցում լաբորատոր սարքավորումները նույնպես կիրառվում են. կենսաբանության բոլոր դասերն անցնում են լաբորատորիայում: ՀՊՄՀ հենակետային վարժարանում, տնօրենի հավաստմամբ, լաբորատորիաները ևս ամենօրյա կիրառելիություն են ունենալու:

Մինչ լաբորատոր սարքավորումների տրամադրման գործընթացի մեկնարկը ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ը նախապես մշակել է բնագիտական առարկաների գծով գնման ենթակա լաբորատոր սարքավորումների համակազմը, լաբորատորիաների կահավորման մոդելները, իրականացվել են ուսումնասիրություններ, կարիքների գնահատում:

  • Կիսվել: