երկուշաբթի, հոկտեմբեր 12
12 / 10 / 2026
Հանձնաժողովն արտահերթ նիստ է գումարել՝ ադրբեջանցի զինծառայողի՝ Շաքի բնակավայրում հայտնվելու վերաբերյալ

Հանձնաժողովն արտահերթ նիստ է գումարել՝ ադրբեջանցի զինծառայողի՝ Շաքի բնակավայրում հայտնվելու վերաբերյալ

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի պատգամավորների մեկ քառորդի՝ Գեղամ Մանուկյանի, Գառնիկ Դավթյանի, Անուշ Միրզոյանի և Վաղինակ Վարդանովի նախաձեռնությամբ հոկտեմբերի 12-ին գումարվել է հանձնաժողովի արտահերթ նիստ:

Հիմնական զեկուցող Գեղամ Մանուկյանը նշել է, որ նիստի օրակարգի հարցը վերաբերում է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողի՝ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրում հայտնվելուն:

Զեկուցողը նշել է, որ առաջարկվում է հարցի առնչությամբ ընդունել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի որոշման նախագիծ: Ըստ այդմ, առաջարկվում է Պաշտպանության, Ներքին գործերի նախարարներից և ԱԱԾ տնօրենից, ըստ վերաբերելիության, պահանջել գրավոր պարզաբանում այն մասին, թե «Պաշտպանության մասին», «Պետական սահմանի մասին», «Ազգային անվտանգության մարմինների մասին» և հարակից օրենքներով, դրանց հիման վրա ընդունված այլ նորմատիվ իրավական ակտերով նախատեսված որ կարգավորումներն են խախտվել, որոնք հանգեցրել են ադրբեջանցի զինծառայողի՝ ՀՀ սահմանը հատելուն և ինչով է պայմանավորված վերջինիս ժամանակին չհայտնաբերելն ու ինչպիսի կարգավորումներ են անհրաժեշտ նմանատիպ դեպքերը հետագայում բացառելու համար:

Նախագծով առաջարկվում է նաև գրավոր պարզաբանումները ստանալուց հետո հանձնաժողովում նախաձեռնել աշխատանքային քննարկում, որին կմանակցեն համապատասխան պետական մարմինների ներկայացուցիչներ:

Հարակից զեկուցող, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վիլեն Գաբրիելյանը նշել է, որ ըմբռնումով է մոտենում ներկայացված նախաձեռնությանը, բայց կան հարցեր, և անհասկանալի է նախագծի տրամաբանությունը: «Ի՞նչ չի արել ԱԺ համապատասխան հանձնաժողովը, որ հանգել եք այն մտքին՝ որ պետք է համապատասխան որոշմամբ մեր գործընկերներին հրավիրենք Ազգային ժողով: Խնդիր չեմ տեսնում, եթե մենք մեր գործընկերներին հրավիրենք խորհրդարան, և իրենք մեզ մերժեն»,- ասել է հանձնաժողովի նախագահը:

Հարցի վերաբերյալ հնչել են հարցեր, եղել են ելույթներ:

Քննարկման արդյունքում ներկայացված որոշման նախագիծը հեղինակի կողմից ետ է կանչվել:

  • Կիսվել: