երկուշաբթի, հոկտեմբեր 12
12 / 10 / 2026
Շաքիում վիրավորում ստացած Անի Ավետիսյանն ու նրա երկու երեխաները տուժող են ճանաչվել

Շաքիում վիրավորում ստացած Անի Ավետիսյանն ու նրա երկու երեխաները տուժող են ճանաչվել

Սյունիքի մարզի Շաքի գյուղում ադրբեջանցի զինծառայողի կողմից հրազենային վնասվածքներ ստացած Անի Ավետիսյանը և նրա երկու երեխաները տուժող են ճանաչվել։ Այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։

Ավելի վաղ Դատախազությունից հայտնել էին, որ հոկտեմբերի 1-ին ժամը 14։00-ի սահմաններում ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևն ապօրինի մուտք է գործել Շաքի բնակավայրի տներից մեկը և հայտնաբերվելուց հետո կրակոցներ արձակել։ Վիրավորվել է Անի Ավետիսյանը։ Մուսաևը դիմել է փախուստի, ապա հայտնաբերվել գյուղի մեկ այլ հասցեում և ձերբակալվել։

Ավետիսյանը նախ բուժօգնություն է ստացել Սիսիանի բժշկական կենտրոնում, ապա տեղափոխվել Երևան։ Բուժօգնության են դիմել նաև նրա՝ 2011 և 2014 թվականներին ծնված երեխաները․ ավագի մոտ արձանագրվել է աջ դաստակի կոտրվածք, իսկ կրտսերի մոտ՝ փափուկ հյուսվածքների սալջարդ։

Հոկտեմբերի 2-ին Մուսաևի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Նույն օրը դատարանի որոշմամբ նա կալանավորվել է երկու ամսով։

  • Կիսվել: