շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ինչո՞ւ է Երևանում անցկացվելիք «Մանկական Եվրատեսիլը» պատմության մեջ ամենաթանկը

Ինչո՞ւ է Երևանում անցկացվելիք «Մանկական Եվրատեսիլը» պատմության մեջ ամենաթանկը

«Մանկական Եվրատեսիլ-2022» երգի մրցույթում Հայաստանը մի շարք փոփոխություններ է մտցրել, որպեսզի այն լինի օրիգինալ։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը։

Մովսիսյանը շեշտեց, որ Երևանում անցկացվելիք «Մանկական Եվրատեսիլին» Հայաստանը սկսել է պատրաստվել հաղթանակից անմիջապես հետո։

««Մանկական Եվրատեսիլի» շուրջ առաջին հանդիպումները սկսվել են այս տարի` գարնանը։ Մրցույթում ներգրավվել են հարյուրավոր մասնագետներ, ոչ միայն եվրոպական հեռարձակողների միության գործընկերները, այլև եվրոպական մի քանի երկրից մասնագետներ։ Մենք փոփոխություններ ենք մտցրել և դրանցից մեկն այն է, որ Երևան ենք հրավիրել նախորդ 19 տարվա հաղթողներին։ Հիմնական շոուի ժամանակ մենք նրանց կտեսնենք բեմում, նրանք հատուկ համարով են հանդես գալու։ «Մանկական Եվրատեսիլի» ժամանակ ելույթ է ունենալու նաև Տավուշի թեմի երգչախումբը»,– ասաց Մովսիսյանը։

Փոփոխություններից մեկն էլ այն է, որ 4 հաղորդավարներից մեկը ռոբոտ է լինելու` Ռոբինը։ Հանրային ՀԸ-ի գործադիր տնօրենը շեշտեց, որ Ռոբինի ներկայությունը ցույց է տալու Հայաստանի տեխնոլոգիական ներուժը։
Մովսիսիյանը նշեց, որ այս պահին մարզահամերգային համալիրում 1000–ից ավելի մասնագետ է աշխատում և վստահեցրեց` այն ինչ կտեսնի հանդիսատեսը դեկտեմբերի 10-ին և 11-ին, կլինի հիշարժան և տպավորիչ։

«Մանկական Եվրատեսիլի» գործադիր տնօրեն Մարտին Օստերդալը նշեց, որ երգի մրցույթում դրական զարգացումներ են եղել վերջին տարիներին։
««Մանկական Եվրատեսիլը» մեզ համար շատ սիրելի բալիկ է, որը շատ արագ մեծանում է։ Մենք շատ բարձր ենք գնահատում մեր հայաստանյան գործընկերների կատարած աշխատանքը։ Բացման արարողությունը, որը կայացավ երկուշաբթի օրը, նոր հանգրվան էր։ Ես ապշած էի, տեսնելով ստեղծագործական, կազմակերպչական որակները»,– ասաց Օստերդալը։

Անդրադառնալով մասնակից երկրների պատվիրակությունների տպավորություններին` Մարտին Օստերդալը վստահեցրեց, որ բոլորը դրական տպավորություններ ունեն և հիացած են ոչ միայն կազմակերպչական մասից, այլև ջերմ ընդունելությունից և հյուրընկալությունից։
Խոսելով «Մանկական Եվրատեսիլի» ապագայի մասին` Օստերդալը շեշտեց, որ որոշ հանգամանքներ պետք է հաշվի առնվեն երգի մրցույթն ավելի մեծացնելու համար։ Նա հույս հայտնեց, որ հետագայում նոր մասնակից երկրներ կլինեն, և սփռումն էլ ավելի կընդլայնվի։»,– ասաց Օստերդալը։

Հարցին՝ ի՞նչ պատճառով է «Մանկական Եվրատեսիլի» պատմության մեջ Երևանում ամենաթանկ մրցույթն անցկացվում, Հ. Մովսիսիյանն ասաց. ««Մանկական Եվրատեսիլի» 20-ամյակն է։ Մենք նշում ենք 20-ամյակն այնպես, ինչպես որ պետք է նշել «Մանկական Եվրատեսիլի» 20-ամյակը։ Այսինքն, այս անգամ «Մանկական Եվրատեսիլը» պետք է տարբերվի նրանով, որ այն հոբելյանական է։ Կարծում եմ՝ սա նաև հնարավորություն է մեզ համար ցույց տալու, որ Հայաստանը կարող է ընդունել մեծամասշտաբ միջոցառումներ, պլանավորել դրանք, անցկացնել բարձր մակարդակով և լսել կարծիքներ, ինչպես քիչ առաջ հնչեցրեց Օսթերդալը։ Սա շատ կարևոր է»։ 

Պատասխանելով հարցին, թե ծախսերն ի՞նչ ուղղությամբ են կատարվել, որ այդքան թանկ է եղել, նա ասաց. «Բավականին մեծ քանակությամբ տեխնիկա՝ լույս, ձայն, լեդ էկրաններ, բեմ, հատուկ նկարահանող տեխնիկա և այլն, վարձակալվել է և բերվել է դրսից, տարբեր երկրներից։ Միայն այստեղ մենք  ծախսել ենք մոտավորապես մեր բյուջեի կեսը, մի փոքր պակաս կեսից։ 

Իհարկե, բացման արարողության միջոցառման մասով էլ մեծ ծախսեր են եղել, նաև մետրոյում միջոցառման համար, իհարկե, ոչ այդքան շատ։ «Մանկական Եվրատեսիլի» կազմակերպչական աշխատանքներում մեծ քանակությամբ անձնակազմ է ներգրավվել։ Այս պահին էլ 1000-ից ավելի մարդ աշխատում է այս տարածքում շոուն իրականացվելու համար։ Աշխատավարձերի  մասով էլ բավականին մեծ գումար է ծախսվել, քանի որ մի մեծ խումբ մասնագետներ  Հայաստանից չեն, և մենք ներգրավել ենք փորձառու մասնագետների դրսից, ովքեր եվրատեսիլների անցկացման փորձ ունեն։  60-70 տոկոսը այս ուղղություններով ենք ծախսել»։ 

Նշենք, որ «Մանկական Եվրատեսիլ- 2022»–ը կկայանա դեկտեմբերի 10-ին և 11–ին Երևանի մարզահամերգային համալիրում։

  • Կիսվել: