կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Մեկնարկում է «Մանկական Եվրատեսիլ»-ի քվեարկությունը. «Yan Girls»-ին հնարավոր է ձայն տալ նաև Հայաստանից

Մեկնարկում է «Մանկական Եվրատեսիլ»-ի քվեարկությունը. «Yan Girls»-ին հնարավոր է ձայն տալ նաև Հայաստանից

 «Մանկական Եվրատեսիլ 2023» երգի հեղինակավոր մրցույթի քվեարկությունը մեկնարկում է նոյեմբերի 24-ին ժամը 23:00-ից:

Այս մասին տեղեկացնում է Հանրային հեռուստաընկերությունն ու հիշեցնում, որ Հայաստանի պատվիրակներ «Yan Girls» խմբի օգտին հնարավոր է քվեարկել նաև Հայաստանից:

Քվեարկության համար անհրաժեշտ է այցելել https://vote.junioreurovision.tv/ կայք, դիտել բոլոր ելույթների նախադիտումները, անվճար քվեարկել  Հայաստանը ներկայացնող «Yan Girls» խմբի և նախընտրած երկու այլ երկրի պատվիրակների օգտին (մրցույթի կանոնների համաձայն` պարտադիր է ընտրել 3 երկիր):

Մրցույթը տեղի կունենա նոյեմբերի 26-ին ֆրանսիական Նիցցա քաղաքում: Մրցույթը կմեկնարկի Իսպանիայի պատվիրակի ելույթով: Այն կեզրափակի Նիդերլանդների պատվիրակը:

Հայաստանի պատվիրակ  «Yan Girls»  խումբը «Do It My Way» երգով ելույթ կունենա ութերորդը:

Մրցույթին մասնակցելու համար Հայաստանի պատվիրակներն ընտրվել են Հանրային հեռուստաընկերության նախապես հայտարարած մրցույթի արդյունքում:

Նանեն, Նենսին, Կամիլան, Սյուզաննան և Աիդան «Yan Girls» խումբը ստեղծել են հենց «Մանկական Եվրատեսիլին» մասնակցելու նպատակով: Փոքրիկ երգչուհիները, ոգեշնչվելով K-pop-ի լեգենդար արտիստներից, իրենց երաժշտությանը նաև հայկական գույներ են հաղորդել: Երիտասարդ, գույնզգույն և ըմբոստ. նրանք երգում են սեփական ես-ն ունենալու կարևորության, ինքնավստահության և լավագույնին ձգտելու իրենց եղանակի մասին:

Մրցութային երգի երաժշտության հեղինակը Դավիթ Բադալյանն է, բառերը՝ Մալենայի և Վահրամ Պետրոսյանի: Տեսահոլովակի ռեժիսորն Արթուր Մանուկյանն է, խորեոգրաֆը՝ Վիկա Մարտիրոսյանը, հագուստի հեղինակ՝ Ֆաինա Հարությունյան:

Եվրոպական հեռարձակողների միությունից նշում են՝ ողջունում են, որ Հայաստանը մասնակցում է մրցույթին՝ չնայած Հայաստանի առջև ծառացած խնդիրներին:

Մրցույթին մասնակցում են Հայաստանը, Ալբանիան, Էստոնիան, Ֆրանսիան, Վրաստանը, Գերմանիան, Իռլանդիան, Իտալիան, Մալթան, Նիդերլանդները, Հյուսիսային Մակեդոնիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Իսպանիան, Միացյալ Թագավորությունը և Ուկրաինան:

  • Կիսվել: