հինգշաբթի, սեպտեմբեր 10
10 / 9 / 2026
Զելենսկին Քարնիի հետ հանդիպման նպատակով ժամանել է Կանադա

Զելենսկին Քարնիի հետ հանդիպման նպատակով ժամանել է Կանադա

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին սեպտեմբերի 9-ի երեկոյան ժամանել է կանադական Կալգարի, որտեղ հանդիպելու է Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի հետ։ Այս մասին գրում է կանադական Global News լրատվական գործակալությունը։

Սեպտեմբերի 10-ի առավոտյան նախատեսված հանդիպումից հետո Զելենսկին ելույթ կունենա մոտակա Բանֆ լեռնային առողջարանային քաղաքում կայանալիք կառավարության նիստում։

Քարնին հայտնել է, որ այցի ընթացքում կքննարկվեն երկու երկրների ընդհանուր առաջնահերթությունները, այդ թվում՝ պաշտպանական, տնտեսական և էներգետիկ համագործակցության խորացումը։

«Կանադան շարունակում է անսասանորեն հավատարիմ մնալ Ուկրաինայի պաշտպանության, վերականգնման և վերակառուցմանն աջակցելու իր հանձնառությանը»,- հայտարարել է Քարնին։

Զելենսկին և նրա կինը՝ Օլենա Զելենսկան, նախատեսում են այցելել նաև Տորոնտո և Նորթ Բեյ քաղաքները՝ նախքան սեպտեմբերի 11-ին Կանադայից մեկնելը։

Սա այս տարի Զելենսկիի առաջին այցն է Կանադա։

Կանադայի վարչապետ Քարնին Կիև էր այցելել 2025 թվականի օգոստոսին, իսկ նրա նախորդը՝ Ջասթին Թրյուդոն, 2022 թվականի փետրվարին Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ սկսած պատերազմի մեկնարկից հետո ամեն տարի այցելել էր Ուկրաինա։

 

  • Կիսվել: