Զախարովան հայտնել է «Հյուսիսային հոսքերի» պայթեցման հարցով Ռուսաստանի՝ ՄԱԿ Միջազգային դատարան դիմելու մտադրության մասին
Ռուսաստանը չորս երկրների ներկայացրել է մինչդատական պահանջներ «Հյուսիսային հոսքերի» պայթեցումների հետ կապված: Այս մասին ՌԻԱ Նովոստի-ի հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա, մասնավորապես, նշել է. «Ռուսաստանի Դաշնությունը պաշտոնապես մինչդատական պահանջներ է ներկայացրել Գերմանիային, Դանիային, Շվեդիային եւ Շվեյցարիային 1997թ. ռմբային ահաբեկչության դեմ պայքարի Միջազգային կոնվենցիայի եւ 1999թ. ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի Միջազգային կոնվենցիայի հիման վրա»:
Ըստ Զախարովայի՝ հերթի մեջ են նաեւ այլ պետություններ, որոնք կարող են կապ ունենալ պայթեցումների հետ։
Նա հավելել է, որ ռուսական արտահանական գազատարների պայթեցումները «միջազգային ահաբեկչության աղաղակող ակտ են, որն ընկնում է միջազգային պայմանագրերի գործողության տակ, որոնք պարտավորեցնում են պետություններին կանխել նման ակտերը, հետաքննել դրանց կատարումն ու համագործակցել այլ երկրների հետ, բայց այդ պարտավորությունները չեն կատարվում»։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը բողոքել է, որ, օրինակ, Շվեյցարիան, օրինակ, որտեղ գրանցված է «Հյուսիսային հոսքերի» օպերատոր ընկերությունը, «անգամ չի փորձել հետաքննել ահաբեկչությունը»։ Դանիան եւ Շվեդիան, որոնց բացառիկ տնտեսական գոտիներում են տեղի ունեցել պայթեցումները, արագ փակել են իրենց հետաքննությունները՝ չհրապարակելով ոչ մի արդյունք։ Իսկ Գերմանիան, որտեղ գտնվում է երկու գազատարների վերջնական կետը, մինչ այժմ չի տեղեկացրել հետաքննության ոչ մի դրական արդյունքի մասին, թվարկել է Զախարովան։
Նա հայտնել է, որ եթե հարցը չլուծվի մինչդատական փուլում, Մոսկվան մտադիր է դիմել ՄԱԿ Միջազգային դատարան: