Վուչիչը հայտարարել է, որ Սերբիայի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցները չեն ստիպի գնալ ՌԴ-ի դեմ սահմանափակումների
Սերբիայի նավթային արդյունաբերական ընկերության դեմ պատժամիջոցներ կիրառելու ԱՄՆ-ի որոշումը չի ազդի Բելգրադի՝ հակառուսական սահմանափակումներին միանալուց հրաժարվելու որոշման վրա, հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Նշվում է, որ նա, մասնավորապես, ասել է. «Որևէ մեկը կցանկանա՞, որ մենք պատժամիջոցներ սահմանենք Մոսկվայի դեմ և հետո մտածենք ամերիկյան պատժամիջոցները չեղարկելու մասին: Ես չեմ բացառում այս հնարավորությունը, բայց չունեմ ապացույցներ: Որպես Սերբիայի նախագահ և Անվտանգության Ազգային խորհրդի նախագահ՝ այս պահին ես ընդհանրապես պատրաստ չեմ քննարկել Մոսկվայի դեմ հնարավոր պատժամիջոցները:
Մենք գոյատևեցինք գրեթե երեք տարի՝ վարելով սկզբունքային, լուրջ և պատասխանատու քաղաքականություն, որում ի սկզբանե հանդես ենք եկել խաղաղության և միջազգային իրավունքի սկզբունքներին հավատարիմ մնալով, հարգել ենք ՄԱԿ-ի կանոնադրությունը և չենք պարտադրել պատժամիջոցներ Ռուսաստանի Դաշնության դեմ»:
Ավելի վաղ Վուչիչը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառում Սերբիայի նավթային արդյունաբերական ընկերության դեմ՝ ձեռնարկության ռուսական սեփականության պատճառով: