Վրաստանի և Ադրբեջանի նախարարները քննարկել են տարածաշրջանում խաղաղության վերաբերվող հարցերը
Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանին և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Բաթումում կայացած հանդիպմանը քննարկել են տարածաշրջանում անվտանգության իրավիճակը։ Այս մասին հայտնում է Վրաստանի ՊՆ մամուլի ծառայությունը։
«Երկկողմ հանդիպմանը Վրաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները քննարկել են հարևան երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունների, տարածաշրջանում խաղաղության և կայունության խթանման կարևորությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Չիկովանին և Հասանովը քննարկել են նաև անվտանգության և ռազմական կրթության ոլորտում համագործակցության հարցեր։ Հասանովը ժամանել է Բաթում՝ մասնակցելու Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպմանը։