Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Դաղստանի ծովային նավահանգստին
Սեպտեմբերի 10-ի գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Դաղստանի մայրաքաղաք Մախաչկալայի վրա, հայտնել է հանրապետության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ֆյոդոր Շչուկինը։ Դրոնների բեկորների ընկնելու հետևանքով հրդեհներ են բռնկվել ծովային նավահանգստում և Համզատ Ցադասայի անվան ավարական երաժշտա-դրամատիկական թատրոնում։ «Հրդեհները օպերատիվորեն մարվել են, զոհեր և տուժածներ չկան», — գրել է Շչուկինը իր տելեգրամյան ալիքում։ Միաժամանակ նա տեղի բնակիչներին կոչ է արել չհրապարակել հարձակման հետևանքների լուսանկարներն ու տեսանյութերը։
Մախաչկալայի ծովային առևտրային նավահանգիստը Ռուսաստանի միակ խորջրային և չսառչող նավահանգիստն է Կասպից ծովում։ Այն ունի նավթային նավահանգիստ, որտեղ կահավորված են մինչև 10 հազար տոննա բեռնատարողությամբ տանկերների համար նախատեսված հինգ մասնագիտացված նավամատույցներ։ Նավահանգստի արտահանման հզորությունը տարեկան կազմում է մինչև 7,9 մլն տոննա նավթ և նավթամթերք։ Դրան հարող տարածքում գտնվում է նավթաբազա, որը միացված է Բաքու—Նովոռոսիյսկ մայրուղային նավթամուղին։ Մինչ այդ ուկրաինական դրոնները հարձակվել էին Դաղստանի վրա օգոստոսի 24-ին։ Այդ ժամանակ հարվածի տակ էր հայտնվել Հյուսիսային Կովկասում Ozon մարքեթփլեյսի ամենամեծ պահեստը։
ՌԴ պաշտպանության նախարարության ամփոփագրի համաձայն՝ սեպտեմբերի 9-ի երեկոյից մինչև սեպտեմբերի 10-ի առավոտ հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) հերթապահ միջոցները Ռուսաստանի 13 շրջանների, բռնակցված Ղրիմի, ինչպես նաև Սև և Կասպից ծովերի ջրատարածքների վերևում «որսացել և ոչնչացրել են» ուկրաինական 448 անօդաչու թռչող սարք։ Դաղստանից բացի, դրոններ են նկատվել նաև Կալմիկիայի, Կրասնոդարի երկրամասի, Աստրախանի, Վոլգոգրադի, Վորոնեժի և այլ մարզերի երկնքում։



