երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Թուրքիայի վարչակարգը լուրջ սպառնալիք է տարածաշրջանի խաղաղության և անվտանգության համար. Սիրիայի ԱԳՆ

Թուրքիայի վարչակարգը լուրջ սպառնալիք է տարածաշրջանի խաղաղության և անվտանգության համար. Սիրիայի ԱԳՆ

Սիրիան վերահաստատել է, որ թուրքական ռեժիմի ամպագոռգոռ սպառնալիքները միջազգային իրավունքի, երկրի ինքնիշխանության, միասնության և տարածքային ամբողջականության կոպտագույն խախտում են և հակասում են Աստանայի գործընթացի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածություններին։

Երկրի արտաքին գործերի և արտագաղթի նախարարության պաշտոնական աղբյուրը Sana գործակալությանը հայտարարության մեջ նշել է, որ Սիրիայի Արաբական Հանրապետությունը հետևում է թուրքական վարչակարգի ագրեսիվ հայտարարություններին Սիրիայի հյուսիսում, այսպես կոչված, «անվտանգության գոտու» ստեղծման և դրա վրա շարունակվող հարձակումների վերաբերյալ:
 
Աղբյուրը հավելել է, որ թուրքական վարչակարգի ագրեսիվ վերաբերմունքը լուրջ վտանգ է ներկայացնում տարածաշրջանի խաղաղության և անվտանգության համար և խաթարում է դեէսկալացիայի գոտու վերաբերյալ միջազգային հովանու ներքո ձեռք բերված բոլոր նախկին պայմանավորվածությունները։
 
Նշենք, որ Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի նախագահները նախօրեին Թեհրանում կայացած «Աստանայի եռյակի» հանդիպումից հետո Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ համատեղ հայտարարություն են ընդունել, որում ընդգծվում է, որ սիրիական ճգնաժամը կարող է լուծվել միայն դիվանագիտական ​​ճանապարհով, իսկ երկրում ստեղծված իրավիճակը կարող են կարգավորել միայն իրենք՝ սիրիացիները՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2254 բանաձևի հիման վրա։

  • Կիսվել: