Եթե Իսրայելը չի կարողանում գլուխ հանել «Հեզբոլլահից», դա կանի Սիրիան. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելին առաջարկել է, որպեսզի Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաան «գլուխ հանի» լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումից, քանի որ իսրայելական արշավը հանգեցնում է չափազանց մեծ թվով զոհերի: Այս մասին տեղեկացնում է Ֆրանսպրեսը։
Նշվում է, որ Թրամփը գովել է աշ-Շարաային «ապշեցուցիչ աշխատանքի» համար և G7-ի գագաթնաժողովում հայտարարել. «Եթե Իսրայելը չի կարողանում գլուխ հանել այդ առաջադրանքից («Հեզբոլլահի» դեմ պայքարից-խմբ.)՝ առանց մնացած բոլորին սպանելու, ապա նա (աշ-Շարաան) դա կանի ինքնուրույն։ Սիրիան կկատարի այդ աշխատանքը»։
ԱՄՆ նախագահը նաև հավելել է, որ Սիրիայի նոր նախագահը «բոյսկաուտ չէ»։
«Իսրայելը չափազանց երկար է պայքարում «Հեզբոլլահի» դեմ, և չափազանց շատ մարդիկ են զոհվում: Ես Իսրայելին առաջարկեցի Սիրիային թույլ տալ հոգ տանել «Հըզբոլլահի» մասին, քանի որ, անկեղծ ասած, կարծում եմ, որ նրանք ավելի լավ գլուխ կհանեին այդ առաջադրանքից»,-ասել է ԱՄՆ նախագահը:
Այն լուրերից հետո, թե Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ նրա հարաբերությունները վատացել են, Թրամփը հայտարարել է, որ «Բիբին (Նեթանյահուն) պետք է ավելի պատասխանատու լինի Լիբանանի նկատմամբ»։
«Ես դժգոհ եմ Լիբանանի և «Հեզբոլլահի» նկատմամբ Իսրայելի պահվածքից։ Նրանք պետք է այդ աշխատանքն ավելի արագ ավարտեին»,-իր խոսքը եզրափակել է Դոնալդ Թրամփը:


