ՀՀ օմբուդսմենը ԵՄ խորհրդարանի պատգամավորին է ներկայացրել ՀՀ-ում մարդու իրավունքներին առնչվող խնդիրները
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 15-ին ընդունել է Եվրոպական միության խորհրդարանի պատգամավոր Մարինա Մեզուրին։ Այդ մասին հայտնում են ՄԻՊ-ից:
Հանդիպման ընթացքում Պաշտպանը ներկայացրել է ՄԻՊ հաստատության գործունեության հիմնական ուղղությունները: Քննարկվել են բռնի տեղահանված անձանց, կանանց, երեխաների, ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց, ԼԳԲՏՔ+ անձանց, աշխատանքային իրավունքների, քրեական վարույթների շրջանակներում իրավունքների պաշտպանության և մի շարք այլ ոլորտների առնչվող հարցեր։
Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ թեև մի շարք ուղղություններով արձանագրվել է առաջընթաց, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում դեռևս առկա են բազմաթիվ մարտահրավերներ, որոնք պահանջում են հետևողական և շարունակական աշխատանք։
Պաշտպանն անդրադարձել է նաև Հայաստանում առկա ատելության խոսքի լուրջ ծավալներին և դրան հակազդելու կարևորությանը:
Անահիտ Մանասյանը կարևորել է նաև մարդու իրավունքների կրթության բարեփոխման ուղղությամբ համակարգային քայլերի իրականացման անհրաժեշտությունը:
Զրուցակիցներն ընդգծել են միջազգային համագործակցության դերը մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարական արժեքների ամրապնդման գործում։
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը՝ համագործակցելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով։




