շաբաթ, նոյեմբեր 21
21 / 11 / 2026
Թուրքիայի պատճառով հետաձգվել է Գերմանիայի ԱԳ նախարարի թռիչքը Երևանից

Թուրքիայի պատճառով հետաձգվել է Գերմանիայի ԱԳ նախարարի թռիչքը Երևանից

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլի թռիչքը Երևանից հետաձգվել է։ Նշենք, որ նա այցով մեկնել էր Ադրբեջան, ապա՝ Հայաստան։ Երևանից Բեռլին վերադարձի թռիչքը հետաձգվել է ավելի քան մեկ ժամով՝ Թուրքիայի օդային տարածքի մի մասի անսպասելի փակման պատճառով։

Նախատեսված էր, որ նախարարին և նրա պատվիրակությանը տեղափոխող ինքնաթիռը Երևանից Բեռլին պիտի թռչի նոյեմբերի 19-ի առավոտյան։ Սակայն Թուրքիայի որոշ օդային գոտիներ փակվել են թռիչքների համար։ Դրա հետևանքով անհրաժեշտություն է առաջացել կազմել թռիչքի նոր երթուղի։
 

Թուրքիայի օդային տարածքի փակման պատճառների վերաբերյալ առայժմ որևէ պաշտոնական պարզաբանում չի ներկայացվել։

Հիշեցնենք, որ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը նոյեմբերի 18-ին այցելել էր Հայաստան, հանդիպել  Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի հետ, այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են հայ-գերմանական հարաբերությունները, ՀՀ–ԵՄ համագործակցությունը, տնտեսական ու կանաչ էներգիայի ոլորտները և տարածաշրջանային գործընթացները։

 

  • Կիսվել: