Թուրքական պետական հեռուստաընկերությունը ցուցադրել է մինչև 2050 թվականը Թուրքիայի ազդեցության տարածման քարտեզը
Թուրքական TRT1 հեռուստաալիքը եթեր է հեռարձակել Անկարայի ազդեցության ոլորտների ընդլայնման կանխատեսումը, որը նախապես պատրաստել է ամերիկյան Stratfor ընկերությունը: Այս մասին, հղում անելով «Военный обозреватель» տելեգրամյան ալիքին, տեղեկացնում է lenta.ru-ն:
Նշվում է, որ, ըստ քարտեզի, մինչև 2050 թվականը Թուրքիան էապես ընդլայնելու է իր ազդեցության գոտիները մի քանի ուղղություններով: Վերլուծաբանների կանխատեսմամբ՝ Անկարան կկարողանա ամրապնդել իր դիրքերը Ղրիմում, Կուբանում, Կալմիկիայում, Աստրախանի շրջանում և Հյուսիսային Կովկասի Հանրապետություններում:
Ենթադրվում է, որ Վրաստանը, Հայաստանը, Ադրբեջանը, Ղազախստանի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի մի շարք տարածքներ, ինչպես նաև Հունաստանի և Դոնբասի ինքնահռչակ հանրապետությունները ընկնելու են թուրքական ազդեցության տակ:
Փորձագետները չեն բացառել, որ կարելի է ակնկալել Թուրքիայի դիրքերի ուժեղացում նաև Պարսից ծոցի երկրներում, Եգիպտոսում և Լիբիայում: