Թրամփը թույլ չի տա Իսրայելին բռնակցել Արևմտյան ափի որևէ հատված. ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի տեղակալ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թույլ չի տա Իսրայելին բռնակցել Հորդանան գետի արևմտյան ափի որևէ հատված: Այս մասին, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի տեղակալ Ջենիֆեր Լոկետան, տեղեկացնում է Reuters-ը:
Նա նշել է, որ Թրամփն ակնկալում է, որ բռնությունը կդադարի Արևմտյան ափին:
«Միացյալ Նահանգները նախկինի պես կենտրոնացած են Իսրայելի անվտանգության ապահովման, ինչպես նաև Գազայի հատվածում և Արևմտյան ափին կայունության հաստատման վրա:
Նախագահ Թրամփը շատ հստակ հասկացրել է, որ Միացյալ Նահանգներն ակնկալում են Արևմտյան ափի բռնության դադարեցումը և որ Միացյալ Նահանգները թույլ չեն տա Արևմտյան ափի բռնակցումը»,-ասել է Լոկետան:
Նշենք, որ Արևմտյան ափին բնակվում է 2,7 միլիոն պաղեստինցի, որոնք օգտվում են սահմանափակ ինքնակառավարումից՝ իսրայելական ռազմական օկուպացիայի պայմաններում։ Այնտեղ հաստատվել են նաև հարյուր հազարավոր իսրայելցիներ։


