շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Թրամփը չի բացառել Իրանին կրկին հարվածելու հավանականությունը

Թրամփը չի բացառել Իրանին կրկին հարվածելու հավանականությունը

ԱՄՆ-ն, հնարավոր է, ստիպված լինի կրկին հարված հասցնել Իրանին, եթե բանակցություններն առաջիկա օրերին համաձայնության չհանգեցնեն։ Այս մասին այսօր Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Նա հայտնել է, որ «ընդամենը մեկ ժամ էր հեռու» հարձակում սկսելու որոշում ընդունելուց։

«Ես մի ժամ էի հեռու այսօր հարված հասցնելու որոշում ընդունելուց»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Նրա խոսքով՝ Իրանի ղեկավարությունն «աղաչում է գործարք կնքել», սակայն ԱՄՆ-ն պատրաստ է վերադառնալ ռազմական սցենարին, եթե դիվանագիտական գործընթացը ձախողվի։

«Ես խոսում եմ երկու-երեք օրվա մասին՝ հնարավոր է ուրբաթ, շաբաթ, կիրակի կամ հաջորդ շաբաթվա սկիզբ։ Շատ սահմանափակ ժամանակահատված է, քանի որ մենք չենք կարող թույլ տալ, որ նրանք նոր միջուկային զենք ստանան»,-ասել է Թրամփը և հավելել, որ Պարսից ծոցի երկրներում ԱՄՆ դաշնակիցները Վաշինգտոնին խնդրել են չշտապել ռազմական գործողության հարցում և հնարավորություն տալ ընթացող բանակցություններին։

Ըստ նրա՝ տարածաշրջանի մի քանի պետություններ ԱՄՆ վարչակազմին տեղեկացրել են խաղաղ խորհրդակցություններում առկա առաջընթացի մասին, որոնք ընթանում են Պակիստանի միջնորդությամբ։

Հիշեցնենք, որ նախօրեին Թրամփը հայտարարել էր, որ հետաձգում է Իրանին հասցվելիք հարվածը, որը, նրա պնդմամբ, նախատեսված էր երեքշաբթի։ Մինչ այդ ամերիկյան պաշտոնյաները հրապարակավ չէին հայտնել նման գործողության նախապատրաստման մասին։ Համապատասխան հայտարարությունը նախագահն արել էր իր Truth Social սոցիալական ցանցում։

  • Կիսվել: