Թեհրանը սադրանքների դեպքում պատրաստ է կրկին պատասխանել Վաշինգտոնին. Արաղչի
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Կատարում ԱՄՆ-ի ռազմաբազային հասցված իրանական հրթիռային հարվածը որակել է ամերիկյան «ագրեսիայի» պատասխան և խոստացել, որ Թեհրանը կրկին կպատասխանի Վաշինգտոնի կողմից հետագա գործողությունների դեպքում։ Այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը:
ԱՄՆ-ի կողմից հետագա գործողությունների դեպքում Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ կլինի պատասխան տալ», - Արաղչին հայտարարել է Աշխաբադում մամուլի ասուլիսի ժամանակ։
Հրապարակման համաձայն՝ նա ընդգծել է, որ Թեհրանը չի ցանկանում սրել լարվածությունը տարածաշրջանում, և Կատարում ԱՄՆ-ի «Ալ-Ուդեյդ» ռազմաբազային հասցված իրանական հրթիռային հարվածը որակել է «պատասխան Ամերիկայի աղաղակող ագրեսիային՝ ուղղված Իրանի տարածքային ամբողջականության և ազգային ինքնիշխանության դեմ»։
Արաղչիի խոսքով՝ ԱՄՆ-ի հարվածներն Իրանին խոսում են Իսրայելի «թուլության» և Իրանի հարցում նրա «հուսահատության» մասին։
Արաղչին նաև գրառում է կատարել X սոցիալական հարթակում՝ նշելով, որ մինչև վերջին պահը շարունակել են գործողությունները։
«Մեր հզոր զինված ուժերի ռազմական գործողություններն, ուղղված պատժելու Իսրայելին ի րագրեսիայի համար, շարունակվել են մինչև վերջին պահը՝ գիշերվա ժամը՝ 4-ը։ բոլոր իրանցիներ իհետ միասին ես շնորհակալություն եմ հայտնում մեր խիզախ զինված ուժերին, որը պատրաստ է պաշտպանելու մեր երկիրը մինչև արյան վերջին կաթիլը, և որը պատասխանել է մեր թշնամու ցանկացած հարձակման մինչև վերջին րոպեն», - գրել է Աբբաս Արաղչին։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իսրայելի ու Իրանի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել լիակատար հրադադարի շուրջ։
Հունիսի 23-ի երեկոյան Թրամփը հայտարարեց, որ Կատարում գտնվող ամերիկյան բազայի վրա Իրանի հրթիռային հարվածը զգալի ավերածությունների կամ զոհերի չի հանգեցրել, իսկ Թեհրանը նախապես զգուշացրել էր իր պլանների մասին: Թրամփի տվյալներով՝ 14 հրթիռից 13-ը խոցվել են, ևս մեկը թռել է «վտանգ չներկայացնող ուղղությամբ», և այդ պատճառով այն չի կալանվել: