երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Թեհրանն ու Մոսկվան ամբողջությամբ հրաժարվել են SWIFT-ից. Իրանի Կենտրոնական բանկ

Թեհրանն ու Մոսկվան ամբողջությամբ հրաժարվել են SWIFT-ից. Իրանի Կենտրոնական բանկ

Ռուսաստանն ու Իրանը միացրել են իրենց ֆինանսական հաղորդագրությունների փոխանցման համակարգերը, ուստի այժմ բանկերը կարող են իրականացնել ուղղակի գործառնություններ: Այդ մասին հայտարարել է Իրանի Կենտրոնական բանկի միջազգային հարցերով փոխնախագահ Մոհսեն Քարիմին։

«Մենք միացրել ենք երկու երկրների (ֆինանսական) հաղորդագրությունների փոխանցման համակարգերը: Դա նշանակում է, որ երկու երկրների բանկերին Շվեյցարիան այլևս հարկավոր չէ միմյանց հետ կապվելու համար, և երկու պետությունների առևտրային բանկերը կարող են միջնորդական հարաբերություններ հաստատել միմյանց հետ: Արտահանողը կարող է ռուսական կողմին ռիալով հաշիվ ներկայացնել և դրանով Իրանում ռուսական բանկերից գումար ստանալ»,- Քարիմիի խոսքը մեջբերել է Fars գործակալությունը։

Իրանի Կենտրոնական բանկի փոխնախագահը նաև ընդգծել է, որ երկու երկրների արտահանողները կարող են գործարքներ իրականացնել իրենց ազգային արժույթներով։

Մեկ օր առաջ Իրանի Ազգային զարգացման հիմնադրամի գործադիր խորհրդի անդամ Հոսեյն Այվազլուն հայտարարել էր, որ Ռուսաստանի և Իրանի ազգային բերակեցության հիմնադրամները պլանավորում են ստեղծել համատեղ ներդրումային կոմիտեներ՝ նավթագազային, նավթաքիմիական, դեղագործական և մի շարք այլ ոլորտներում տարբեր նախագծեր իրականացնելու նպատակով։

Իրանի Կենտրոնական բանկի ղեկավար Մոհամմադ Ֆարզինը դեկտեմբերի վերջին հայտարարել էր, որ Իրանի և Ռուսաստանի միջև արժութային համաձայնագիրը, որը թույլ կտա առևտուր անել ռուբլով և ռիալով, կստորագրվի 2024 թվականի առաջին եռամսյակում։

  • Կիսվել: