կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ստամբուլի կաթոլիկ եկեղեցում տեղի ունեցած հրաձգությանն առնչություն ունենալու կասկածանքով ձերբակալվել է 47 մարդ

Ստամբուլի կաթոլիկ եկեղեցում տեղի ունեցած հրաձգությանն առնչություն ունենալու կասկածանքով ձերբակալվել է 47 մարդ

Թուրքիայի ոստիկանությունը հունվարի 28-ին Ստամբուլի կաթոլիկ եկեղեցում տեղի ունեցած հրաձգությանն առնչություն ունենալու կասկածանքով ձերբակալել է 47 մարդու, այդ թվում՝ Ռուսաստանի քաղաքացու։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, լրագրողներին հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Էրլիքայան։

Նրա խոսքով՝ ձերբակալվածները տեղափոխվել են անվտանգության վարչություն, որտեղ նրանցից ապացույցներ կվերցվեն՝ կապված միջադեպին նրանց հավանական մասնակցության հետ։

«Ստամբուլը դարեր շարունակ տուն է եղել տարբեր դավանանքների ներկայացուցիչների համար, և այդպես էլ կլինի: Մենք երբեք չենք հանդուրժի նրանց, ովքեր փորձում են խաթարել մեր երկրում խաղաղությունն ու անդորրը: Եկեղեցու վրա զինված հարձակման գործի հետաքննության շրջանակում գործողություններ են իրականացվել 30 հասցեներում, ձերբակալվել է 47 մարդ, այդ թվում՝ Ռուսաստանի և Տաջիկստանի մեկական քաղաքացի, որոնք կարող են կապված լինել «Իսլամական պետության» հետ»,- ասել է նա։

Դեպքը տեղի է ունեցել հունվարի 28-ին տեղական ժամանակով մոտավորապես 11:40-ին Ստամբուլի Սարիեր շրջանի Սուրբ Մարիամ կաթոլիկ եկեղեցում։ Երկու դիմակավորված անձ պատարագի ժամանակ կրակ են բացել, ինչի հետևանքով սպանվել է Թուրքիայի քաղաքացի։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ավելի վաղ հավաստիացրել էր, որ հարձակման մասնակիցները 24 ժամվա ընթացքում կձերբակալվեն։

  • Կիսվել: