Սիրիայում ԱՄՆ-ի ավիահարվածի հետևանքով սպանվել է ԴԱԻՇ-ի առաջնորդը
ԱՄՆ կենտրոնական հրամանատարության ուժերի՝ CENTCOM-ի կողմից Սիրիայի Դեյր-ազ Զաուր նահանգում հասցված ճշգրիտ ավիահարվածի հետևանքով ոչնչացվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման (ԴԱԻՇ) առաջնորդ Աբու Յուսիֆը, ինչպես նաև խմբավորման մեկ այլ անդամ, տեղեկանում ենք ԱՄՆ կենտրոնական հրամանատարության ուժերի կայքից:
Ինչպես հաղորդվում է՝ հարվածն իրականացվել է նախկինում սիրիական ռեժիմի և ռուսների կողմից վերահսկվող տարածքում։
CENTCOM-ի հրամանատար, գեներալ Մայքլ Էրիկ Կուրիլիան ասել է. «Ինչպես նախկինում ասվել է, Միացյալ Նահանգները, համագործակցելով տարածաշրջանում դաշնակիցների և գործընկերների հետ, թույլ չի տա ԻՊ-ին օգտվել Սիրիայում ստեղծված իրավիճակից և վերակազմավորվել: ԴԱԻՇ-ը մտադիր է կալանքից ազատել ավելի քան 8000 ԴԱԻՇ-ի անդամների, որոնք ներկայում պահվում են Սիրիայում գտնվող հաստատություններում: Մենք ագրեսիվ կերպով թիրախավորելու ենք այդ առաջնորդներին և անդամներին՝ ներառյալ նրանց, ովքեր փորձում են գործողություններ իրականացնել Սիրիայից դուրս»: