Սերբիայում ընդդիմադիրները շրջափակել են Բելգրադի վարչակազմի շենքը. նրանք համաձայն չեն ընտրության արդյունքների հետ
Սերբիայում ընդդիմության կողմնակիցները համաձայն չեն երկրում դեկտեմբերի 17-ին կայացած ընտրությունների արդյունքների հետ, այդ իսկ պատճառով շրջափակել են Բելգրադի վարչակազմի շենքը և փորձել ներս մտնել, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Նշվում է, որ նրանք կոտրել են շենքի դուռը։
Իր հերթին NEWS.ru-ն տեղեկացնում է, որ ՛՛Սերբիան ընդդեմ բռնության՛՛ դաշինքի կողմնակից ցուցարարները դրոշակաձողերով կոտրել են դուռը, ջարդել պատուհանը և սկսել են ներս նետել քարեր ու գարեջրի տարաներ։ Միաժամանակ ոչնչացրել են տեսախցիկները։ Խռովարարները սկսել են նաև ջահեր վառել։
Նշվում է, որ ավելի վաղ ցուցարարները փակել էին Կրալ Միլանի կենտրոնական փողոցը՝ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի՝ իշխանության զավթման անթույլատրելիության մասին խոսքից հետո։ Հավաքվածներն իրենց հետ բերել են Սերբիայի և ԵՄ դրոշներ, բացականչել հակակառավարական կարգախոսներ, օգտագործել բարձրախոսներ, սուլիչներ և շվիներ։
Հավելենք, որ մեկ շաբաթ առաջ Սերբիայում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, որտեղ հաղթեց նախագահ Վուչիչի կոալիցիան՝ հավաքելով ձայների 47,36 տոկոսը։ Արդյունքների հրապարակումից հետո Բելգրադում ընդդիմության լայնամասշտաբ հանրահավաքներ սկսվեցին՝ քվեարկության արդյունքները չեղարկելու պահանջով։