Սալոնիկում կայացել է Թուրքիա-Հունաստան վստահության ամրապնդմանն ուղղված հանդիպում
Հունաստանի Սալոնիկի քաղաքում տեղի է ունեցել Թուրքիայի և Հունաստանի միջև վստահության ամրապնդմանն ուղղված հերթական հանդիպումը։ Հունաստանի պաշտպանության նախարարության հյուրընկալությամբ անցկացված հանդիպմանը մասնակցել են երկու երկրների դեսպանները, բարձրաստիճան զինվորական պաշտոնյաներ և քաղաքացիական ներկայացուցիչներ, գրում է ermenihaber.am-ը:
Հանդիպման ընթացքում մանրամասն քննարկվել են 2025 թվականի միջոցառումները, իսկ կողմերը քննարկել են նաև 2026 թվականի համար նախատեսված ծրագրերը։ Հաղորդվում է, որ բանակցություններն անցել են կառուցողական և դրական մթնոլորտում։
Պաշտոնյաները շեշտել են, որ հանդիպումը նպաստել է երկու երկրների միջև վստահության հաստատմանը և տարածաշրջանային կայունության ամրապնդմանն ուղղված քայլ է հանդիսացել։
Բանակցությունների հաջորդ փուլը նախատեսվում է անցկացնել Թուրքիայի հյուրընկալությամբ։
Մասնագետները, սակայն, կարծում են, որ իրական առաջընթացը կախված կլինի վիճելի հարցերի շուրջ կողմերի զիջումների պատրաստակամությունից։