ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Ռուսները, մոբիլիզացիայի ֆոնին, 20 000-25 000 ֆունտ ստերլինգ են վճարում մասնավոր ինքնաթիռում տեղի համար. նրանք հիմնականում մեկնում են Հայաստան, Թուրքիա և Ադրբեջան. The Guardian

Ռուսները, մոբիլիզացիայի ֆոնին, 20 000-25 000 ֆունտ ստերլինգ են վճարում մասնավոր ինքնաթիռում տեղի համար. նրանք հիմնականում մեկնում են Հայաստան, Թուրքիա և Ադրբեջան. The Guardian

Մոսկվայում մասնավոր ինքնաթիռներում տեղերի պահանջարկը մեծացել է այն բանից հետո, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամայել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առաջին զորահավաք անցկացնել, ինչից հետո հարուստ ռուսները երկրից դուրս գալու ելք են փնտրում այն լուրերի ֆոնին, որ իշխանությունները մտադիր են փակել սահմանները մոբիլիզացիոն տարիքի տղամարդկանց համար, գրում է բրիտանական The Guardian պարբերականը:

Նշվում է, որ ուղևորները հիմնականում մեկնում են Հայաստան, Թուրքիա և Ադրբեջան՝ երկրներ, որոնք թույլ են տալիս ռուսաստանցիներին մուտք գործել առանց այցագրի: Նրանք վճարում են 20 000-ից մինչև 25 000 ֆունտ ստերլինգ մասնավոր ինքնաթիռում տեղի համար, մինչդեռ ութ տեղանոց ինքնաթիռի վարձակալության գինը տատանվում է 80 000-ից մինչև 140 000 ֆունտ ստերլինգ, ինչը մի քանի անգամ ավելի թանկ է, քան սովորական գնից, գրում է պարբերականը:

«Իրավիճակը բացարձակապես խելահեղ է այս պահին», – ասել է Your Charter բրոքերային ընկերության տնօրեն Եվգենի Բիկովը:

«Օրական 50 հարցում էինք ստանում. հիմա մոտ 5000 է», հավելել է նա:

Բիկովի խոսքով՝ իր ընկերությունը սկսել է վարձակալել ավելի մեծ կոմերցիոն ինքնաթիռներ՝ փորձելով բավարարել պահանջարկը և նվազեցնել գները:

«Սակայն մենք պարզապես չենք կարող գտնել բավարար տեղեր բոլորի համար», – ասել է  նա՝ հավելելով, որ վարձակալված կոմերցիոն ինքնաթիռի ամենաէժան տեղը Երևան մեկնելու համար արժե մոտ 200 000 ռուբլի:

FlightWay ընկերությունը, որն առաջարկում է մասնավոր ինքնաթիռներով թռիչքներ, հայտնել է, որ միակողմանի թռիչքների հայտերի աճ է նկատվում դեպի Հայաստան, Թուրքիա, Ղազախստան և Դուբայ:
«Պահանջարկն աճել է 50 անգամ»,- ասել է ընկերության ղեկավար Էդուարդ Սիմոնովը։

The Guardian-ը գրում է, որ միայն հարուստները չէ, որ ցանկանում են օգտվել մասնավոր ինքնաթիռներից, որոշ ընկերություններ վարձակալում են ինքնաթիռներ՝ իրենց անձնակազմի արական սեռի ներկայացուցիչներին ՌԴ-ից դուրս հանելու համար: Ըստ ռուսական «Կոմերսանտ» բիզնեսի, Մոսկվայում տեսախաղերի նախագծման մի ընկերություն վարձել է մի ամբողջ ինքնաթիռ՝ աշխատակիցներին երկրից դուրս բերելու համար:

  • Կիսվել: