շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ռուսաստանի ողջ քաղաքական ղեկավարությունը և բանակը ռազմական հանցագործներ են․ Զելենսկի

Ռուսաստանի ողջ քաղաքական ղեկավարությունը և բանակը ռազմական հանցագործներ են․ Զելենսկի

Նախագահ Վլադիմիր Զելենսկին համոզված է, որ Ռուսաստանի Դաշնության ողջ քաղաքական ղեկավարությունը, ռուսական բանակը, բոլոր նրանք, ովքեր հրամաններ են տալիս Ուկրաինայի դեմ պատերազմում և կատարում դրանք, ռազմական հանցագործներ են և պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Տեղեկանում ենք Укринформ-ից։

«Կարծում եմ, որ ռուսական բանակը, Ռուսաստանի քաղաքական ղեկավարությունը, բոլոր նրանք, ովքեր մշակել են այս «օպերացիան», բոլոր նրանք, ովքեր հրաման են տվել, բոլոր նրանք, ովքեր կատարել են այդ հրամանները, բոլորը ռազմական հանցագործներ են»,- պատասխանել է նախագահը հարցին, թե արդյո՞ք նա Վլադիմիր Պուտինին համարում է պատերազմական հանցագործ։

Զելենսկին ընդգծել է, որ այդ հանցագործությունների համար հնարավոր չի լինի պատժել միայն մեկ անձի։ Նրա խոսքով՝ ուկրաինացիների նկատմամբ ռուսական զորքերի ծաղրը զանգվածային հանցագործություն է, որի հետևում բազմաթիվ մարդկանց ու բազմաթիվ կառույցների հրամաններ կան։

«Եվ դրա համար արդարացումներ չկան, ուստի բոլորը պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- ընդգծել է պետության ղեկավարը։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

  • Կիսվել: