Եռակողմ ձևաչափը կառուցողական էր. Զելենսկին՝ Աբու Դաբիի բանակցությունների մասին
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին մեկնաբանել է այսօր Աբու Դաբիում կայացած հանդիպումը՝ շնորհակալություն հայտնելով Ուկրաինայի բոլոր գործընկերներին աջակցության համար, հայտնում են ուկրաինական ԶԼՄ-ները:
«Եռակողմ ձևաչափը կառուցողական էր և բավական բովանդակալից։ Հասցրել ենք քննարկել մարդասիրական քայլերի անհրաժեշտությունն ու հնարավոր պարամետրերը։ Ռազմագերիների ազատ արձակումն առաջնահերթություն է»,- նշել է Ուկրաինայի նախագահը:
Զելենսկու խոսքով՝ բանակցությունների օրակարգում են եղել նաև Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքների տրամադրման հարցը և ապաէսկալացումը:
«Անհրաժեշտ են իրական գործիքներ, որոնք թույլ կտան արգելափակել պատերազմի ցանկացած կրկնություն»,- ասել է նա:
Զելենսկին շնորհակալություն է հայտնել ամերիկյան կողմին բանակցությունները կազմակերպելու համար, և Արաբական Միացյալ Էմիրություններին՝ «հուսալի բանակցային հարթակի համար»:


