Ռուսաստանը փորձում է բաժանել Ուկրաինան Դնեպր գետով․ Զելենսկի
Ռուսաստանը կամուրջներին և էներգետիկ ենթակառուցվածքներին հասցվող հարվածների միջոցով ձգտում է «Ուկրաինան Դնեպր գետի երկայնքով բաժանել»։ Այս մասին նոյեմբերի 9-ի երեկոյան ունեցած իր ուղերձում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, տեղեկացնում է DW-ի ռուսական ծառայությունը։
Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Մանրամասն քննարկել ենք ռուսական գործողության հետևանքով մեր կամուրջներին և էներգետիկ ցանցին սպառնացող մարտահրավերները։ Ռուսաստանը փորձում է Ուկրաինան Դնեպր գետի երկայնքով բաժանել և առավելագույնս բարդացնել մարդկանց, մեր քաղաքների ու գյուղերի բնակիչների կյանքը՛՛:
Զելենսկին նաև հավելել է, որ նախօրեին զրուցել է Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ և շատ շնորհակալ է նրան աջակցության և ըմբռնման համար։
՛՛Եվրամիության կողմից լրացուցիչ աջակցություն և օգնություն կտրամադրվի՛՛,-ասել է Ուկրաինայի նախագահը:
Ինչպես հաղորդվում է՝ նման ծրագրերի մասին Զելենսկին նախազգուշացրել էր նաև եվրոպացի առաջնորդներին։ Նա այս հարցը բարձրացրել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ հեռախոսազրույցի ընթացքում՝ հայտարարելով, որ Կրեմլը ցանկանում է Ուկրաինայի՝ Ռուսաստանի հետ սահմանակից արևելյան հատվածը մեկուսացնել ԵՄ-ի հետ սահմանակից արևմտյան հատվածից։ Այս մասին տեղեկացրել էր Financial Times-ը՝ նշելով, որ ուկրաինացի մի բարձրաստիճան պաշտոնյա իրենց հայտնել է, որ Ռուսաստանի ծրագիրը ոչ միայն Ուկրաինան երկու մասի բաժանելն է, այլև երկրի արևմտյան հատվածից դեպի արևելք էլեկտրամատակարարումը դադարեցնելը, ինչի հետևանքով ձմռան ամենացուրտ շրջանում միլիոնավոր մարդիկ կարող են զրկվել էլեկտրաէներգիայից։
Հավելենք, որ հոկտեմբերից Ռուսաստանը սկսել է ավելի ակտիվ հարվածներ հասցնել Դնեպր գետի կամուրջներին, այդ թվում՝ Կիևի Հյուսիսային և Հարավային կամուրջներին, ինչի հետևանքով խաթարվել է քաղաքի տարբեր հատվածների միջև հաղորդակցությունը։



