չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Ռուսաստանի կողմից պատասխան, իհարկե, կլինի. Պուտինը՝ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունի մասին

Ռուսաստանի կողմից պատասխան, իհարկե, կլինի. Պուտինը՝ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունի մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ղրիմի կամրջի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ իր երկիրը, անշուշտ, կպատասխանի Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչությանը: Նա հավելել է, որ այս պահին պաշտպանության նախարարությունը համապատասխան առաջարկներ է պատրաստում։

՛՛Ռուսաստանի կողմից պատասխան, իհարկե, կլինի։ Պաշտպանության նախարարությունը համապատասխան առաջարկներ է պատրաստում՛՛,-ասել է ՌԴ նախագահը:

Նա Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած միջադեպն անվանել է ՛՛Կիևի ռեժիմի հերթական ահաբեկչությունը՛՛:

՛՛Եզրափակելով՝ ես ուզում եմ սա ասել ահա թե ինչ։ Կրկնել, որ տեղի ունեցածը Կիևի ռեժիմի հերթական ահաբեկչական գործողությունն է՛՛,-նշել է Պուտինը:

Նրա խոսքով՝ Անվտանգության դաշնային ծառայությունը, Քննչական կոմիտեն եւ մի շարք այլ գերատեսչություններ պետք է մանրամասն ուսումնասիրեն Ղրիմի կամրջի վրա կատարվածը։

՛՛ԱԴԾ-ին, Քննչական կոմիտեին և մի շարք այլ գերատեսչություններին հանձնարարվել է մանրամասն ուսումնասիրել միջադեպը, ես կասկած չունեմ, որ բոլոր հանգամանքները կպարզվեն՛՛,-հավելել է ՌԴ նախագահը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանի ազգային հակաահաբեկչական կոմիտեն հայտնել է, որ Կիևը երկուշաբթի գիշերը երկու վերգետնյա անօդաչու թռչող սարքերով ահաբեկչություն է իրականացրել Ղրիմի կամրջի վրա, վնասվել է կամրջի ճանապարհային բաղադրիչը, երկու չափահաս զոհվել է, մեկ երեխա՝ վիրավորվել։ ՌԴ ՔԿ-ն Ղրիմի կամրջի վրա միջադեպի առնչությամբ քրեական գործ է հարուցել ահաբեկչության հոդվածով:

  • Կիսվել: